Քաղաքական

12.03.2024 10:32


ՀԱՊԿ-ին անհանգստացնում են հայկական էլիտայի մի մասի տրամադրությունները. Տասմագամբետով

ՀԱՊԿ-ին անհանգստացնում են հայկական էլիտայի մի մասի տրամադրությունները. Տասմագամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), չնայած հայկական էլիտաների մի մասի դիրքորոշման պատճառով առաջացած որոշակի անհանգստությանը, ակնկալում են, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խելամիտ մոտեցում կցուցաբերի: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Չեմ թաքցնի` որոշակի իրադարձություններ և տրամադրություններ Հայաստանի էլիտաների մասով մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,–ասել է գլխավոր քարտուղարը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում Երևանից հայտարարություն են սպասում կազմակերպությանը մասնակցության դադարեցման վերաբերյալ։

Խոսելով ընդհանուր առմամբ կազմակերպության գործունեության մասին՝ Տասմագամբետովն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը ավանդաբար հատուկ ուշադրություն է դարձնում «խաղաղապահ ուղուն»։

«Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հաջողությամբ դրսևորեցին իրենց 2022 թվականի հունվարին (Ղազախստանում իրավիճակի կայունացման ժամանակ,-խմբ.)։ Սակայն ՀԱՊԿ–ը ուղղված է խաղաղապահ նախաձեռնություններին մասնակցության ընդլայնմանը նաև կազմակերպության պատասխանատվության գոտուց դուրս»,-ասել է նա։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը