Աշխարհ

12.03.2024 15:39


Լեհաստանի կենտրոնում բողոքող ֆերմերները 580 տրակտոր են դուրս բերել ճանապարհներ

Լեհաստանի կենտրոնում բողոքող ֆերմերները 580 տրակտոր են դուրս բերել ճանապարհներ

Լեհաստանի կենտրոնական Վելիկոպոլսկա վոևոդությունում բողոքող ֆերմերները մարտի 11-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ 580 տրակտոր և գյուղատնտեսական այլ մեքենաներ են դուրս բերել Պոզնան քաղաքի շրջակայքի ճանապարհներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Տարածաշրջանում ճանապարհներն արգելափակվել են 16 վայրերում։

Ազգային մասշտաբով բողոքի հաջորդ ակցիան տեղի կունենա մարտի 20-ին։ Կազմակերպիչները նրանց, ովքեր այդ օրը մտադիր են աշխատանքի գնալ անձնական ավտոտրանսպորտով, խորհուրդ են տվել «հանգստյան օր վերցնել»։

Փետրվարի 9-ից լեհ ֆերմերները լայնածավալ բողոքի ցույցեր են սկսել և արգելափակել են երկրի խոշոր քաղաքների, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանի հսկիչ անցակետերի ավտոճանապարհները: Նրանք պահանջում են սահմանափակել կամ լիովին արգելել էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումն Ուկրաինայից, ուժեղացնել ազգային անասնաբուծությանն աջակցությունը, ինչպես նաև անհամաձայնություն են հայտնում Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» ռազմավարությանը, որը նախատեսում է մինչև 2050 թվականը հասնել ածխածնի զրոյական արտանետումների:

Մարտի 6-ին Վարշավայում ֆերմերների բողոքի երթը վերածվել էր անկարգությունների։ Տուժել էր 14 ոստիկան, բերման ենթարկվել՝ մոտ 30 ցուցարար:

Այս խորագրի վերջին նյութերը