Աշխարհ

08.04.2024 21:15


Որքա՞ն կգոյատևի մեր քաղաքակրթությունը․ Մասկը պատրաստվում է 1 մլն մարդ ուղարկել Մարս

Որքա՞ն կգոյատևի մեր քաղաքակրթությունը․ Մասկը պատրաստվում է 1 մլն մարդ ուղարկել Մարս

Ամերիկացի ձեռնարկատերը Իլոն Մասկն ասել է, որ մեր քաղաքակրթությունը կկարողանա գոյություն ունենալ «միլիոնավոր տարիներ», եթե այն դառնա «միջմոլորակային, իսկ հետո միջաստղային»։ Հակառակ դեպքում այն գոյություն կունենա «ընդամենը մի քանի հարյուր տարի»։ SpaceX-ում օրերս տեղի ունեցած պրեզենտացիայի ժամանակ, որի ձայնագրությունը Մասկը հրապարակել է X-ի իր էջում, նա նաև խոսել է Մարսը գաղութացնելու՝ ընկերության պլանների մասին, որի շրջանակում մեկ մարդ կարող է տեղափոխվել Մարս։

«Եթե մենք դառնանք միջմոլորակային, իսկ հետո միջաստղային, մեր քաղաքակրթությունը գոյություն կունենա միլիոնավոր տարիներ: Եթե ​​ոչ, ապա գուցե ընդամենը մի քանի հարյուր տարի»,-գրել է նա X-ում:

Նրա խոսքով՝ մարդկությունը պետք է «պահպանի տեխնոլոգիական զարգացման ներկայիս մակարդակը», մինչև «Մարսը ինքնաբավ դառնա», ինչի համար տարիներ կպահանջվեն։ Միլիարդատիրոջ խոսքով՝ Մարսի գաղութացման համար հիմք կծառայի հսկա Starship 3 հրթիռը, որը կունենա նոր սերնդի Raptor շարժիչ և դրա շնորհիվ հրթիռը կկարողանա մինչև 200 տոննա բեռ տեղափոխել։

Մասկը չի հստակեցրել, թե երբ շահագործման կհանձնվի Starship 3-ը, սակայն ընդգծել է, որ այն շատ քիչ կարժենա ընկերությանը։ Նրա խոսքով՝ եթե Falcon 1-ի մեկնարկն այժմ արժե 10 մլն դոլար, ապա Starship 3-ը կարժենա 2-3 մլն դոլար։

«Սրանք գրեթե աներևակայելի թվեր են։ Ոչ ոք երբեք չի մտածել, որ դա հնարավոր կլինի: Ավելին, հայտարարված նպատակին հասնելու համար մենք ընդհանրապես ստիպված չենք լինի խախտել ֆիզիկայի օրենքները»,-նշել է Մասկը։

Բացի դրանից՝ SpaceX-ի ղեկավարը հավելել է, որ իր ընկերությունից մոտ 20 տարի կպահանջվի Մարսի ուսումնասիրության համար։ Այդ ընթացքում, նրա խոսքով, մոտ մեկ միլիոն մարդ կարող է ուղարկվել կարմիր մոլորակ, ինչը բավական է ինքնաբավ գաղութային քաղաք ստեղծելու համար:

Մասկը ցանկանում է, որ տիեզերանավերը Մարս գնան մոտ երկու տարին մեկ անգամ։ Այս օրինաչափությունը գաղութարարներին կապահովի ոչ միայն ռեսուրսների կանոնավոր մատակարարմամբ, այլև Երկիր վերադառնալու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ, միլիարդատերը կարծում է, որ Մարս մեկնածների մեծ մասը դեռ չի կարողանա վերադառնալ հայրենի մոլորակ։

Աղբյուրը՝ tech.news.am

Այս խորագրի վերջին նյութերը