Քաղաքական

08.04.2024 19:57


Հնարավոր է՝ «Գոյ» թատրոնի դուռը շուտով բացվի. դատարանը հայցն ընդունել է. Սարգիս Արզումանյան (տեսանյութ)

Հնարավոր է՝ «Գոյ» թատրոնի դուռը շուտով բացվի. դատարանը հայցն ընդունել է. Սարգիս Արզումանյան (տեսանյութ)

Արդեն 6-րդ օրն է, ինչ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը նստացույց է անում թատրոնի մուտքի մոտ: Նրան են միանում թատրոնի տարբեր դերասաններ, ստեղծագոծական կազմի անդամներ։

Պահանջը մեկն՝ «Գոյ» թատրոնը գործի որպես անկախ թատրոն։

Ֆեյսբուքյան ուղիղ եթեում Արզումանյանը տեղեկացրեց, որ իրավական դաշտում ունեն մի կարևոր դատական հայց՝ ՀՀ կառավարության 701-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ներկայացրել էին ևս մեկ հայց՝ պետռեգիստրի գրանցումն անվավեր ճանաչելու մասին:

«Բայց դատարանը որոշել էր, որ այնտեղ շտկումների կարիք կա, հետ էր վերադարձրել, ինչը նորմալ է, միտում չենք տեսնում: Մենք հայցում շտկումները կատարել ենք, պահանջը հստակեցրել ենք և տվել ենք դատարան։ Դատարանը ապրիլի 6-ին հայցն ընդունել է վարույթ:

Իսկ երբ հայցը վարույթ է ընդունվում, կասեցվում են բոլոր գործողությունները: Սա շատ ուրախալի փաստ է հատկապես մեր աշխատակիցների համար, որովհետև Սունդուկյան թատրոնը, որպես կեղծ իրավահաջորդ, իրեն իրավունք էր վերապահել «Գոյ» թատրոնի աշխատակցներին ծանուցումներ ուղարկել աշխատանքի էական փոփոխության մասին, ժամկետ էր սահմանել՝ չգալու դեպքում նրանց աշխատանքից ազատելու վերաբերյալ: Այսօր՝ ապրիլի 8-ին, ունեինք մի քանի աշխատող, որոնց ապօրինաբար Վարդան Մկրտչյանը պետք է աշխատանքից ազատեր:

Բայց, ի դժբախտություն իրեն, չի կարող, որովհետև օրենքի ուժով այդ գործողությունները կասեցվում են:

Շատ հնարավոր է՝ «Գոյ» թատրոնի փակված դուռը շուտով բացվի, «Գոյ» թատրոնն իր ընթացքն ապահովի, մինչև լինի դատական վճիռը»։

Ս.Արզումանյանը նաև դիմեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերնախավին. «Հարգելիներս, հանկարծ չփորձեք այսօր գործից ազատել մեր այն աշխատողներին, որոնց ծանուցումներ էիք ուղարկել: Կամ գուցե ազատեք, ձեր խղճին ենք թողնում, պարզապես նորից այս ամենը գնալու է իրավապահ մարմիններին հասնի, որովհետև դուք ևս կանեք խախտումներ։ Գուցեև ձեզ համար տհաճ լինի, բայց գուցե այսօր երեկոյան թատրոնի դուռն էլ բացվի»:

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Իսկ մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։

Այս խորագրի վերջին նյութերը