Քաղաքական

21.04.2024 10:23


Բացահայտվեց ՀՀ իշխանությունների մանիպուլյացիան

Բացահայտվեց ՀՀ իշխանությունների մանիպուլյացիան

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե այսպիսի արդյունքով բանակցություններ լինեին կողմերի միջև, և դրան ներկա լիներ ՌԴ ներկայացուցիչը, ապա այս արդյունքի պատասխանատվությունը դրվելու էր ռուսական կողմի վրա։

Հիմա, նրա խոսքով, հայկական կողմն անում է միակողմանի քայլ՝ Արևմուտքի հետ համագործակցությամբ, սակայն դա ներկայացվում է բացառիկ ձեռքբերում։

Նրա կարծիքով, նախ՝ ՀՀ իշխանությունները պետք է իրենց ձևակերպումներում և քաղաքականությունում հստակ լինեն, դրանից հետո միայն պահանջեն հստակություն գործընկերներից՝ չկիրառելով երկակի չափանիշներ։

«Հայաստանի համար այն, ինչ ընդունելի չէ Ռուսաստանի դեպքում, ընդունելի է Արևմուտքի դեպքում։ Սա չափազանց էական հանգամանք է, այսինքն՝ ՀՀ-ն ոչ թե ինչ-որ պատճառով դժգոհ է Ռուսաստանից, քանի որ կան պատճառներ, այլ պարզապես ցանկանում է անել աշխարհաքաղաքական շրջադարձը՝ դրա ողջ պատասխանատվությունը բարդելով Ռուսաստանի վրա։ Եթե հայկական կողմն ինքն է արձանագրում, որ առաջին անգամ լինելու է սահմանազատված սահման, ի՞նչ էին ակնկալում Ռուսաստանից, որ ի՞նչ հայտարարեր Ռուսաստանը։ Օդի մեջ կարելի է շատ բան ճանաչել, այստեղ հստակ չէ՝ ի՞նչ է ճանաչել ԵՄ-ն, ու ի՞նչ չէր ճանաչել Ռուսաստանը։ Կամ՝ հստակ չէ՝ եթե ԵՄ-ն ճանաչել էր, Հայաստանին աջակցում էր, ապա ինչո՞ւ իսկապես չի աջակցում, և կա միակողմանի փոխզիջումային գործընթաց։ Սրանք խոսքային մանիպուլյացիաներ են, կարելի է ամեն բան ներկայացնել այնպես, ինչպես ցանկանում ես։ Պարզ է, թե ինչու Երևանում այս դիրքորոշման համար թիրախավորվեց միայն Ռուսաստանը»,-ասաց նա։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Տարասովը նշեց, որ այն առանձնացվել է խաղաղության համաձայնագրից։

Նրա համոզմամբ, եթե սահմանազատումն իրականացվեր Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, մի փոքր ավելի հեշտ կլիներ։

«Սակայն գործընթացի, համաձայնագրի ներկայիս տեսքը, ինչպես նաև միջնորդների ու երաշխավորների բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ սահմանային միջադեպերը շարունակական են լինելու։ Դեռևս կայունության մասին խոսել չի հաջողվում»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը