Լրահոս

30.05.2024 09:46


Կրակnցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանները 5 ժամից ավել բանակցել են կասկածյալի հետ, ապա վնասազերծել

Կրակnցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանները 5 ժամից ավել բանակցել են կասկածյալի հետ, ապա վնասազերծել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մեկնել են Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկը, քանի որ տեղեկություն են ստացել, որ Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Գոռ Վարդանյանը թաքնվում է նշված տանը։

Ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները, մոտ 5 ժամ բանակցություններ են վարում Գ. Վարդանյանի հետ, որպեսզի նա ենթարկվի ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, դուրս գա տան նկուղից և իրենց հետ մեկնի ոստիկանության Արմավիրի բաժին։

5 ժամ բանակցություններ վարելու ընթացքում Գ. Վարդանյանը մի քանի կրակոց է արձակում, ի վերջո, առավոտյան 09:00-ի սահմաններում ոստիկաններին հաջողվում է վնասազերծել նրան և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին։

Արդեն տեղում նրա մոտ հայտնաբերվում է ինքնաշեն եղանակով պատրաստված երկփողանի ինքնաձիգի փամփուշտ կրակելու համար նախատեսված՝ հրազենի նմանվող առարկա, որի 2 փողերի մեջ փորձաքրեագետը հայտնաբերում է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ։ Իսկ զինվորական վերնազգեստի գրպանում հայտնաբերվում են 11 հատ ինքնաձիգի փամփուշտ, գաղտնի փականով դանակ, սև գույնի կպչուն ժապավեն և այլ իրեր։

Ոստիկանության Արմավիրի բաժնում Գ. Վարդանյանը հայտնում է, որ այդ ամենն իրենն են, ինքնաշեն հրազենի նմանվող առարկան և երկաթե գլանակը ինքն է պատրաստել՝ ինքնաձիգի և գազային ատրճանակի փամփուշտներ կրակելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը