Լրահոս

21.11.2011 10:38


Եգիպտոսում կրկին կրքերը բորբոքվում են. կան զոհեր

Եգիպտոսում կրկին կրքերը բորբոքվում են. կան զոհեր

«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր կենտրոնական հրապարակում ամենաքիչը 11 մարդ է զոհվել։

Զոհվածների մի մասը մահացել է հրազենային վերքերից, իսկ մյուսները խեղդվել են արցունքաբեր գազից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոյեմբերի 19–ից վերսկսված անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 900 մարդ։

Կիրակի օրը ոստիկանությունը բանակի օգնությամբ կրկին սկսել է ցրել հավաքված ամբոխին. նրանք ժամանակավոր ռազմական կառավարությունից պահանջում են իշխանությունը հանձնել քաղաքացիական պաշտոնյաներին։ «Ասոշիեյթեդ պրես»–ը հայտնում է, որ անվտանգության ուժերը կիրառել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ, ինչպես նաև այրել են վրանները։

Նոյեմբերի 28–ին Եգիպտոսում տեղի են ունենալու ընտրություններ, որոնք առաջինն են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փետրվարյան հրաժարականից հետո։ Ազատական ուժերը կասկածներ ունեն, որ զինվորականները ցանկանում են ամեն գնով պահպանել իշխանությունը։

Այս խորագրի վերջին նյութերը