Քաղաքական

18.01.2025 12:53


ԿԲ-ն ուսումնասիրում է «Թել-Սելին» տրամադրված լիցենզիայի և «Թել-Սելի» իրականացրած գործունեության համապատասխանության հարցը

ԿԲ-ն ուսումնասիրում է «Թել-Սելին» տրամադրված լիցենզիայի և «Թել-Սելի» իրականացրած գործունեության համապատասխանության հարցը

Նախորդ տարի դեկտեմբերի 23-ին «Հետքը» հարցում էր ուղարկել Կենտրոնական բանկ՝ «Թել-Սել» ընկերության կողմից Երևանի հանրային տրանսպորտի ուղետոմսերի վաճառքի վերաբերյալ։ ԿԲ-ից 30 օր լրացուցիչ ժամանակ էին խնդրել հարցմանը պատասխանելու համար, գրել է «Հետքը»։

Հարցմամբ խնդրել էինք պատասխանել հետևյալ 4 հարցերին.

Արդյոք տրանսպորտի տոմսեր (մեկանգամյա օգտագործման QR կտրոններ, մեկշաբաթյա, մեկամսյա կամ մեկ տարվա ուղետոմսեր) վաճառելու համար անհրաժե՞շտ է լիցենզիա։

Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է ստանալ այդ լիցենզիան։

Արդյոք «Թել-Սել» ընկերությունը ստացե՞լ է այդ լիցենզիան։

Եթե ոչ, ապա ի՞նչ քայլեր է արել կամ անում ԿԲ-ն առանց լիցենզիայի տոմսերի վաճառքը կանխարգելելու կամ թույլ չտալու համար։

Այսօր վերջապես ստացանք Կենտրոնական բանկին ուղղված գրավոր հարցման պատասխանը։ ԿԲ-ից նշել են, որ «Թել-Սել» ԲԲԸ-ն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 24.07.2007թ. որոշմամբ ստացել է «դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու» և «վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու» համար լիցենզիա, այնուհետև ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 19.02.2016թ. որոշմամբ ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն: Այս լիցենզիայի և թույլտվության շրջանակներում «Թել-Սելը» կարող է իրականացնել «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարահաշվարկային ծառայություններ, այդ թվում՝ ընդունել և կատարել վճարումներ:

«Ինչ վերաբերում է Ձեր կողմից ներկայացված հարցադրումներին, ապա հայտնում ենք, որ ներկայում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից շարունակվում են ուսումնասիրությունները եւ Կենտրոնական բանկն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կներկայացնի իր դիրքորոշումը»,- նշված էր ԿԲ-ի պատասխանում:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Հետքը» հոդված էր հրապարակել ԿԲ-ի, Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սելի» միջև առաջացած կոնֆլիկտի մասին։ Ինչպես հայտնել էին «Հետքի» աղբյուրները, Կենտրոնական բանկը խնդիր էր տեսնում «Թել-Սելի» կողմից հանրային տրանսպորտի ուղետոմսեր և տրանսպորտային քարտեր վաճառելու մեջ։

Մեկնաբանություն ստանալու համար դիմել էինք նաև Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասել էր, որ կխոսի ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ և կպատասխանի մեր հարցին։ Ավելի ուշ՝ փոխքաղաքապետի հետ խոսելուց հետո, Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ իրենք նման տեղեկատվություն չունեն։

Խոսել էինք նաև «Թել-Սել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանի հետ։ Նա ասել էր, որ Կենտրոնական բանկից որևէ արձագանք չեն ստացել այս թեմայի վերաբերյալ։

«Նման խոսակցություն, քննարկում, որևիցե բան տեղի չի ունեցել։ Բացի դրանից, մենք այս գործառույթն իրականացնում ենք արդեն 1,5 տարի, և այս ընթացքում ԿԲ-ի կողմից որևէ հարց չի առաջացել»,-ասել էր Հունանյանը։

Նա նաև նշել էր, որ իրենք տոմսեր չեն վաճառում, այլ պարզապես գումար են հավաքագրում «Երևանավտոբուս» ՓԲԸ-ի և «Մետրոպոլիտենի» համար։ «Եթե տոմսը մերը լիներ, այո՛, մենք այդ իրավունքը չէինք ունենա։ Մենք այս գործառույթն արդեն 1,5 տարի է իրականացնում ենք, և ԿԲ-ն դրա մասին քաջատեղյակ է»,- հավելել էր Լիանա Հունանյանը։

Ստացվում է, որ գրեթե մեկ ամիս անց Կենտրոնական բանկը դեռ չի կարողանում հստակ ասել՝ կարո՞ղ է «Թել-Սել» ԲԲԸ-ն իրականացնել հանրային տրանսպորտի ուղետոմսերի վաճառք, թե՞ ոչ։ Իսկ «Թել-Սել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանի պնդումը, թե ԿԲ-ն այս ամենի մասին քաջատեղյակ է և նրանց մոտց այս թեմայի վերաբերյալ որևէ հարց չի առաջացել, այնքան էլ միանշանակ չէ։

Մենք խոսեցինք նաև փորձագետի հետ։ Նա ցանկացավ անանուն մնալ, և նշեց, որ այս պարագայում հարցը ԿԲ-ի լուծման դաշտում է։ Կենտրոնական բանկը պետք է խորհրդի նիստ գումարի և հստակ դիրքորոշում արտահայտի հարցի վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը