Աշխարհ

20.01.2025 18:08


Բրիտանիայում հրապարակվել են Ադոլֆ Հիտլերի «անգլիացի ընկերուհու» սկանդալային օրագրերը

Բրիտանիայում հրապարակվել են Ադոլֆ Հիտլերի «անգլիացի ընկերուհու» սկանդալային օրագրերը

Երրորդ Ռեյխի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը ծաղրում էր Ադոլֆ Հիտլերի «անգլիացի ընկերուհուն» այն բանի համար, որ վերջինիս դուր չէր գալիս Բենիտո Մուսոլինին, վկայում են աղջկա գաղտնի օրագրերը, որոնք հրապարակել է բրիտանական Mail Online տաբլոիդը:

Յունիթի Միթֆորդը, որը հայտնի է որպես Հիտլերի «անգլիացի ընկերուհի», նամակում բողոքել է իր քույրերից մեկին, որ նացիստական ​​կուսակցության գլխավոր քարոզիչը «նեղում է» իրեն ֆաշիստ իտալացի առաջնորդի մասին իր հայացքների համար։

1936 թվականին Գերմանիան և Իտալիան ռազմական դաշինք կնքեցին, և երկու տերությունները ձևավորեցին Բեռլին-Հռոմ առանցքը: Դրան հաջորդեց Մուսոլինիի պետական ​​այցը Գերմանիա 1937 թվականի սեպտեմբերին։ Հրապարակված օրագրի գրառումներից մեկում Միթֆորդը գրում է Մյունխենի Հիտլերի սիրելի ռեստորաններից մեկում՝ «Օստերիա Բավարիա»-ում ճաշի ժամանակ Հիտլերի, Գեբելսի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման մասին:

Հանդիպումից հետո նա նամակ է գրում քրոջը՝ Դիանային, որը հետագայում ամուսնացավ Ֆաշիստների բրիտանական միության առաջնորդ սըր Օսվալդ Մոսլիի հետ։

«Ես ճաշեցի ֆյուրերի հետ Դուչեի Գերմանիա ժամանելուց մեկ օր առաջ։ Այնտեղ էր փոքրիկ դոկտոր Գեբելսը։ Մենք բավականին բուռն տեսարան ունեցանք, երբ բոլորը, բացի ֆյուրերից, հարձակվեցին ինձ վրա, քանի որ ես ասացի, որ ինձ դուր չի գալիս Մուսոն»,-գրել է նա։

Միթֆորդը հայտնի էր որպես բրիտանացի բարձրաշխարհիկ կին, նա լորդ Ռեդեսդեյլի՝ պերի, զինվորականի և հողատիրոջ, չորրորդ երեխան էր:

Ըստ պատմական տեղեկությունների, Հիտլերն, իբր, օգտագործել է Միտֆորդին որպես խոսափող՝ համոզելու բրիտանացիներին, որ ինքը կասկածներ ունի Մուսոլինիի նկատմամբ։

Միթֆորդի կաշվապատ օրագիրը, որը հայտնաբերվել է ավելի քան 80 տարի անց և հրապարակվել Mail Online հրատարակչության կողմից, ցույց է տվել, որ Հիտլերի բարձրաստիճան վստահելի ընկերներից ոչ բոլորն են հավանություն տվել այն կրքին, որն, ըստ երևույթին, իրար հանեպ տածել են Միտֆորդը և Հիտլերը: Նացիստական ​​մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կարծում էին, որ Հիտլերը կարող է գաղտնիքներ «դուրս տալ» Միթֆորդին, երբ նրանք մենակ են մնում։

Երբ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, Միթֆորդն այնքան ճնշված էր, որ Մյունխենի Անգլիական այգում կրակեց իր գլխին: Հաղորդվում է, որ Հիտլերը վճարել է 33-ամյա աղջկա բուժման ծախսերը, երբ վերջինս ինքնասպանության փորձ է կատարել: Սակայն նրա գլխուղեղի ձախ կիսագունդը վնասվել էր, և գնդակը մնացել էր գանգի մեջ։ Միթֆորդը վերադարձել է Մեծ Բրիտանիա և մահացել 1948 թվականին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը