Հարցազրույց

03.02.2025 22:35


Երբ իշխանությունը տրանսպորտի վճարներից ավելի քիչ գումար հավաքի, քան նախկինում՝ կնահանջի. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Երբ իշխանությունը տրանսպորտի վճարներից ավելի քիչ գումար հավաքի, քան նախկինում՝ կնահանջի. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Տիգրան Ավինյանը հունվարի 27-ին հայտարարեց, որ հետքայլ չի լինելու ու հանրային տրանսպորտով մեկ ուղևորության արժեքը լինելու է 300 դրամ, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 28-ին, հայտարարեց, որ տրանսպորտի սակագինը կկազմի 150 դրամ:

Թե ինչ արդյունքներ է գրանցել արդեն երեք օր շարունակվող բոյկոտը, Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Մեր պատկերացմամբ՝ իրավիճակը դրական է: Մենք ամեն օր շփվում ենք քաղաքացիների հետ, ի տարբերություն քաղաքային իշխանությունների, ոչ թե մեր աշխատասենյակներից, այլ փողոցներում, ավտոբուսներում ու կանգառներում: Միանշանակ, Երևանում տրանսպորտից օգտվող մարդկանց բացարձակ մեծամասնությունը դեմ է թանկացմանը: Այո՛, կան մարդիկ, որոնք կաշկանդվում են օգտվել տրանսպորտից ու չվճարել, բայց մենք բացատրում ենք, որ իրենք չպետք է ամաչեն դրանից, քանզի իրենք ինչ-որ խախտում չեն անում, այլ իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, այս բոյկոտով արտահայտում են իրենց քացաքացիական դիրքորոշումը:

Մենք վստահ ենք, որ տրանսպորտի թանկացումը ոչ մի առումով չի արդարացվում: Քաղաքային իշխանությունը բյուջեն մսխում է: Իրենք չեն օգտվում բյուջեից այնպես, ինչպես պետք է: Բյուջեն չի ծառայում Երևանին ու երևանցուն, այլ ծառայում է քաղաքային իշխանությունների ու տվյալ կուսակցության վերնախավի հարմարավետ կյանք ստեղծելուն»,-ասել է Սամվել Հակոբյանը:

Նա նաև նշել է, որ շատ քաղաքացիներ բողոքում են «Թել-Սել»-ի տերմինալներից:

««Թել-Սել»-ը մասնավոր ընկերություն է, որին քաղաքային իշխանությունը անհայտ պայմաններով գովազդում է: «Թել-Սել»-ից նույնիսկ նրանք են բողոքում, որոնք պատրաստ են 150 դրամ վճարել»,-հավելել է մեր զրուցակիցը:

Հակոբյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս կոնֆլիկտի մեջ չմտնել հանրային տրանսպորտի վարորդների հետ:

«Արձանագրեմ, որ հանրային տրանսպորտի վարորդների հետ մեր հարաբերությունները լավ են, նրանց մեծամասնությունը նորմալ է իրենց պահում: Հասկանում են, որ իրենք կապ չունեն այս թանկացման հետ ու մեր կռիվը իրենց հետ չէ: Հորդորում ենք քաղաքացիներին մանիպուլիացիաների չենթարկվել ու կոնֆլիկտների մեջ չմտնել, որովհետև դա ուղիղ վնաս կտա մեր պայքարին»,-ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամը:

Նա ընդգծել է, որ իրենց գրանցած առաջին հաջողությունը Տիգրան Ավինյանի հետքայլն էր, ու կշարունակեն պայքարը այնքան, մինչև տրանսպորտի ուղեվարձը կրկին դառնա 100 դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը