Աշխարհ

24.06.2025 09:56


Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին, Թրամփը կոչ է արել պահպանել հրադադարը

Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին, Թրամփը կոչ է արել պահպանել հրադադարը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ շուրջ երկու տասնյակ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

Նշվում է, որ հարվածներն իրականացվել են հինգ ալիքով, Իսրայելի ուղղությամբ արձակվել է 20 հրթիռ:

Գործակալությունը նշում է, որ հրադադարն ուժի մեջ պետք է մտներ ժամը 11-ին:

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ գործողություններ է իրականացնում սպառնալիքները վերացնելու ուղղությամբ: Ըստ ԻՊԲ-ի՝ ոչնչացվել են հրթիռների արձակման կայանքներ, որոնք պատրաստվում էին հարվածներ հասցնել Իսրայելին:

The Times of Israel-ն էլ նշում է, որ իրանական հարվածներից Բիրշեբա քաղաքում զոհերի թիվը հասել է առնվազն 4-ի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երկու երկրները դիմել են իրեն խաղաղության հաստատման համար, և շուտով կլինի 12-ժամյա հրադադար, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտնել էր, որ հրադադարի համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Իրանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողություններն Իսրայելի կողմից հարվածների դադարեցման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը