Հարցազրույց

21.12.2011 16:32


Գոռ Սուջյան.

Գոռ Սուջյան.

Հարցազրույց «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանի հետ

–Վաղը տեղի է ունենալու «Դորիանս»–ի ձայնասկավառակի շնորհանդեսը։ Ի՞նչ երգեր է այն պարունակում և ի՞նչ է գալիս ասելու հանդիսատեսին։

–Ձայնասկավառակը բաղկացած է տաս հեղինակային երգից։ Եթե ընդհանրացնենք, հիմնական ասելիքը մարդկանց էմոցիաներն արթնացնելն է։

–Այսինքն, կարծում եք, որ հիմա մարդկանց էմոցիաներն աթնացած չե՞ն։

–Արթնացած են, ուղղակի ազատ չեն։ Սեփական ինդիվիդուում, սեփական կարծիք շատերը չունեն։

–Ո՞րն է դրա պատճառը։

–Դա մարդու միջից պետք է լինի. մարդը պետք է փորձի ինքն իրեն քննել, ուրիշի կարծիքն իրենը չդարձնի, այլ իր կարծիքն ունենա կամ ընդհանրապես ամեն հարցի վերաբերյալ մտածի ազատ այնպես, ինչպես ինքն է մտածում։

–Նույնը կարելի՞ է ասել շոու–բիզնեսի ներկայացուցիչների մասին՝ այն, որ նրանք նույնպես ազատ չեն արտահայտում իրենց կարծիքը։

–Ես շոու–բիզնեսի մասին բան չեմ կարող ասել, որովհետև շոու և բիզնես բառերն արդեն ինձ հարազատ չեն։ Մի բանի անունը եթե շոու է, նշանակում է արդեն խաբել, շոուն այն է, երբ խաբում ես մարդուն, ինչ–որ բան ծաղկացնելով՝ փորձում են ծախել։ Բիզնեսն էլ դե հենց ծախելն է։ Իսկ երաժշտությունը չեմ համարում ո՛չ շոու, ո՛չ բիզնես, ինձ համար արվեստ է։ Համենայնդեպս, մենք խմբով ձգտում ենք հասնել արվեստին։

–2012–ն ընտրությունների տարի է, և, ինչպես միշտ, ամենայն հավանականությամբ,  այս անգամ էլ շատ երգիչների կներգրավեն նախընտրական քարոզչության մեջ։ Այս երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում։

–Ճիշտն ասած՝ ես քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեմ։

–Այսինքն, եթե ձեզ հրավիրեն նախընտրական համերգի, դուք կհրաժարվե՞ք։

–Եթե մեզ հրավիրեն երգելու, մենք չենք հրաժարվի։ Բայց եթե կանչեն ինչ–որ մեկին քարոզելու, այդ դեպքում չենք մասնակցի։ Իսկ զուտ երգել...մենք պատրաստ ենք բոլոր տեղերում էլ երգել։

–Չե՞ք կարծում, որ երգելով՝ թեկուզ կողմնակի ձևով քարոզ եք իրականացնում։

–Քարոզը երգելով չեն իրականացնում։ Եթե կոնկրետ քարոզվի ինչ–որ կուսակցություն կամ անհատ, դրա մասին երգ պետք է ունենաս։ Բայց եթե գնում ես զուտ երգելու, մարդկանց սրտերի համար ես երգում. ինձ համար մեկ է՝ այնտեղ ով կընտրի, ում կընտրի, ինչ կլինի։

–Եվ նշանակություն չունի՞, թե որ կուսակցությունը կազմակերպած կլինի այդ նախընտրական համերգը։

Ինձ համար նշանակություն չունի։ Մենք կուսակցական չենք և չենք էլ պատրաստվում լինել։

–Դուք ասում եք՝ ազատ մտածելակերպի պակաս կա, բայց չե՞ք կարծում, որ քաղաքական առումով էլ մարդ պետք է ազատ մտածելակերպ ունենա, կամ դուք ինքներդ ազատ չեք արտահայտվում։

–Այո՛, մարդիկ պետք է ազատ արտահայտվեն, բայց մեր երկրում ազատ արտահայտվելը չեմ կարծում, որ ճիշտ է, տեղին է։ Այս երկիրը դեռ այն երկիրը չէ՝ Ամերիկա չէ։ Ամերիկայում դու ամեն ինչ կարող ես ազատ արտահայտել, որովհետև դեմոկրատիա է։ Իսկ այստեղ դեռ այդպես չէ, այստեղ կոմունիզմը դեռ մի քիչ մնացել է։

–Ի՞նչ պետք է անեն՝ բռնեն ծեծե՞ն։

–Հա էլի։ Չեն բռնի ծեծի, բայց շատ բաներ կարող է՝ չլինեն, էլի։ Համենայնդեպս, ես ինքս չեմ խառնվում քաղաքականության մեջ, որովհետև քաղաքականությունն էլ է ինձ համար բիզնես։

–Եթե ամփոփենք, 2011–ը կոնկրետ «Դորիանս»–ի և ընդհանրապես Հայաստանի համար ինչպիսի՞ տարի էր։

Այդ տարին «Դորիանս»–ի համար ձեռքբերում էր CD–ի առումով. մենք երկար ժամանակ աշխատում էինք, որ այն թողարկվեր։ Ինչպես նաև ձեռքբերում էին մրցանակները։ Իսկ Հայաստանի համար այս տարվա գարունն էր շատ լավը, կանաչը շատ էր։ Չեմ կարող ասել, թե Հայաստանի համար ընդհանուր առմամբ ինչ լավ բաներ են եղել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը