Լրահոս

21.01.2012 11:19


Գիտնականները դադարեցրել են թռչնի գրիպի հետազոտությունները

Գիտնականները դադարեցրել են թռչնի գրիպի հետազոտությունները

ԱՄՆ–ի և Հոլանդիայի գիտնականները հայտնել են, որ 60 օրով դադարեցնում են թռչնի գրիպի H5N1 մահացու մանրէի տարատեսակի հետազոտությունը, որն ի զօրու է անցնել մարդուց մարդուն։ Որոշումը կայացվել է դրդված այն մտավախությունից, թե դա կարող է լաբորատորիայի սահմաններից դուրս գալ և պանդեմիայի պատճառ դառնալ, ինչին միլիոնավոր մարդիկ զոհ կգնան։ Այս երկու ամսվա ընթացքում միջազգային գիտական հանրությունը և տարբեր երկրների կառավարություններ պետք է որոշեն՝ ինչպես անվտանգ դարձնել այդ հետազոտությունները։

ԱՄՆ–ի ղեկավարությունը, ում պատվերով էլ կատարվում են փորձարկումները, գիտնականներին արգելել է հրապարակել իրենց ուսումնասիրությունների արդյունքները։ ԱՄՆ–ում մտավախություն ունեն, որ այդ տվյալները կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքում՝ դառնալով կենսաբանական զենք։ Փոխարենը գիտնականները կարծում են, որ այդ տեղեկությունը թաքցնել չի կարելի, քանի որ մուտացիայի մեխանիզմը հասկանալը կօգնի պանդեմիան կանխելու համար միջոցներ ձեռնարկել։

H5N1 մանրէն վարակում է թռչուններին և շատ վտանգավոր է մարդու համար։ 1997թ. սկսած, երբ հայտնվեց այդ մանրէն, դրանով աշխարհում վարակվել է 577  մարդ, որոնցից մահացել է մոտ 60%–ը։ Մանրէի տարածումը կանխում է միայն այն հանգամանքը, որ մինչ այժմ վարակը թռչուններից անցնում է մարդուն, բայց հետո չի փոխանցվում այլ մարդկանց։

Այս խորագրի վերջին նյութերը