Լրահոս

14.02.2012 16:28


Բելառուսի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովում

Բելառուսի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովում

Փետրվարի 14-ին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ-ում հանդիպումներ ունեցավ եվրոպական կառույցներում հայկական խորհրդարանական ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաեւ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:

Արեւելյան գործընկերության  «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը  եւ ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին քննարկեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ հատկապես խորհրդարանական ձեւաչափում համագործակցության հնարավորությունը: Վեհաժողովում հայկական պատվիրակության ողջ կազմը, Վահան Հովհաննիսյանի ներկայացմամբ, պաշտպանում է Արեւելյան բոլոր 6 երկրների լիարժեք ներկայացվածությունը «Եվրանեսթում»: Այս սկզբունքից ելնելով` հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել հակաբելառուսական բանաձեւի ընդունմանը` երկրորդ լիագումար նիստում ներկայացված փաստաթղթին դեմ քվեարկելով: Բանախոսը տեղեկացրեց կառույցի առաջիկա աշխատանքների մասին` նշելով, որ մեկ շաբաթից Երեւանում կկայանա  «Եվրանեսթի» սոցիալական, կրթամշակութային և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը:     

Պրն. Գումինսկին, ի դեմս հայկական պատվիրակության ղեկավարի, շնորհակալություն հայտնեց Հայաստանին սկզբունքային ու կառուցողական դիրքորոշման համար` բնորոշելով այն նաեւ բարեկամական: Ներկայացուցիչների պալատի փոխնախագահն ափսոսանք հայտնեց Բելառուսի նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների կապակցությամբ` նշելով, որ իր երկիրը պատրաստ է Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցելու եւ առաջարկներով հանդես գալու` հավասար գործընկերային հիմունքներով: Նա  նշեց, որ տնտեսական համագործակցությունը ԵՄ երկների հետ խիստ ակտիվ է,  խնդիրները զուտ քաղաքական բնույթի են:

Զրուցակիցները, ի թիվս Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջազգային կառույցներում փոխգործակցության խնդիրների, անդրադարձան նաեւ քաղաքական, տնտեսական, ռազմական ու հասարակական համագործակցությանը: Հանդիպմանը մասնակցեց նաև երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հրայր Կարապետյանը:

 ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը  նույն օրն  ընդունեց  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:

ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին  շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` բարձր գնահատեց տարբեր  միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ-ում հայ և բելառուս գործընկերների փոխշահավետ համագործակցությունը և տարբեր քննարկումների ընթացքում ցուցաբերված դիրքորոշումները: Նա հույս հայտնեց, որ երկու երկրների պատվիրակությունների միջև առկա  փոխշահավետ  հարաբերություններն  էլ ավելի կզարգանան և կլինեն շարունակական:

  ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արամ  Սաֆարյանը ողջունելով հյուրերին` պարզ և թափանցիկ գնահատեց  տարբեր միջազգային կառույցներում հայկական  և բելառուսական պատվիրակությունների համագործակցությունն ու դիրքորոշումները, նկատելով, որ դրանց հիմքում  ազնվությունն է: Պարոն Սաֆարյանի խոսքով` հայ և բելառուս գործընկերներն  արդյունավետ համագործակցում են ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ , այլև ՀԱՊԿ շրջանակներում և կարծում է, որ այն անհրաժեշտ է շարունակել:

Հանդիպման ընթացքում  քննարկվեցին  միջազգային կառույցներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:  

ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանն անդրադարձավ    առաջիկա  մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ու ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի և ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության կողմից առաջարկեց դիտորդական առաքելություն իրականացնել: Նա  շեշտեց, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ իրականացնելու հարցում շահագրգիռ են ԱԺ բոլոր խմբակցությունները:

ԲՀ ԱԺ Բելառուս-Հայաստան  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին հաջողություններ  և նոր ձեռքբերումներ մաղթեց կայանալիք ընտրություններում:     

   Նույն օրը Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակության հետ հանդիպեց նաեւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հանդիպման ընթացքում բելառուսական պատվիրակությունը բարձրացրեց միջազգային կառույցներում Բելառուսի խնդրին առնչվող հարցեր` ակնկալելով հայկական պատվիրակությունների  աջակցությունը: Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով միջազգային կառույցներում հետսովետական որոշ երկրների հանդեպ ձեւավորված վերաբերմունքին, նշեց, որ իր համար անընդունելի է այդ  կառույցներում երկակի ստանդարտների կիրառումը` արձանագրելով, որ վերջին շրջանում միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցներ, ինչպիսին օրինակ Եվրոպայի խորհուրդն է, ակնհայտորեն կիրառում են երկակի ստանդարտներ: Նշելով, որ  Բելառուսում կան ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ` տիկին Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ ժողովրդավարության եւ ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված շատ ավելի լրջագույն խնդիրներ կան Ադրբեջանում, որի հանդեպ ԵԽԽՎ-ն բավականաչափ լոյալ է։ Իսկ Ադրբեջանում առկա ժողովրդավարության խորը ճգնաժամին չանդրադառնալու պատճառը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, այն է, որ Ադրբեջանը կարողանում է «իր ժողովրդավարությունը գնել նավթով»:

Կողմերն անդրադարձան նաեւ ներքաղաքական իրավիճակին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Քանի որ տիկին Զոհրաբյանը «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն է, հյուրերը շնորհակալություն հայտնեցին նրան` «Եվրանեսթ» ԽՎ-ում Բելառուսի խնդրին աջակցելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը