Լրահոս

14.02.2012 17:04


Գյումրեցի ուսուցիչ. «Սոցիալական փաթեթով ծաղրում են մեզ»

Գյումրեցի ուսուցիչ. «Սոցիալական փաթեթով ծաղրում են մեզ»

Քաղծառայողների համար ներդրած ՀՀ կառավարության պետական աջակցության սոցիալական փաթեթը հասցեատերերի կողմից արդեն իսկ քննադատության է արժանանում: Մասնավորապես Գյումրիում ուսուցիչները, ովքեր ծանոթացել են փաթեթով նախատեսված տարեկան 120 հազ դրամի տրամադրման պայմաններին, մեղմ ասած, տարակուսանքի մեջ են ընկել: Վերջիններս բողոքում են այն փաստի դեմ, որ պետությունն իր վրա է պարտականություն վերցնում՝ իրենց տեղը որոշելու՝ ինչպես ծախսել հատկացված գումարները.

–Հայտարարեցին, որ աշխատավարձը բարձրացնելու փոխարեն սոցիալական փաթեթ են ներդնելու, որպեսզի գումարները նպատակային ծախսվեն: Զարմանալի է. ի՞նչ է՝ ԽՍՀՄ-ի դարաշրջանո՞ւմ ենք ապրում, որ մեզ ասեն, թե մենք գումարները ոնց ծախսենք, նստած պլանավորում են՝ ես գնա՞մ հանգստանամ, թե ՞ հիպոթեկ մուծեմ: Ի՞նչ է նշանակում նպատակային, իրենք ի՞նչ գիտեն իմ նպատակների մասին,- «7օր»–ին ասել է ներկայանալ չցանկացող ուսուցիչներից մեկը:

Նրանք դժգոհում են նաև այն հանգամանքից, որ խիստ սահմանափակ դեպքերում իրենք կարող են օգտվել այդ գումարից.

–Տնօրինությունից ինձ տեղեկացրել են, որ հատկացված գումարից միայն 50 հազ դրամ կարող եմ ծախսել առողջական խնդիրների լուծման համար, այն էլ շատ լուրջ առողջական խնդիրներ ունենալու դեպքում, ասենք՝ ծանր վիրահատության պարագայում: Ինձ կարո՞ղ եք ասել, թե ինչ լուրջ վիրահատություն կարելի է անել 50 հազ դրամով: Իսկ եթե ցանկանամ ատամներս սարքե՞լ, դրա համար գումար չե՞ն հատկացնում: Կառավարությունը սոցիալական փաթեթով ծաղրում է մեզ։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը