Լրահոս

21.02.2012 15:17


Արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ԵՄ հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և բարձրաստիճան փոխայցելությունների, ինտենսիվ զարգացող փոխհարաբերությունների կապակցությամբ՝ այդ ենթատեքստում ընդգծելով միջխորհրդարանական ձևաչափի կարևորությունը:

Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ զգալի առաջընթաց է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Ընդգծվեց, որ մինչ օրս բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ, լավ առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության և բարեփոխումների, արտաքին և անվտանգության քաղաքականության, արդարադատության ոլորտներում:  

Երկուստեք կարևորվեց ԵՄ որոշումը Հայաստանի հետ խոր և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Այդ առումով նշվեց, որ Հայաստանում նախապատրաստական լուրջ բարեփոխումներ են իրականացվել, էական արդյունքներ են արձանագրվել մի շարք ասպարեզներում:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Այդ ենթատեքստում շեշտվեց, որ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է համապատասխան մանդատ ու հարուստ միջնորդական փորձ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:  

Կողմերը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք  հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը