Լրահոս

06.03.2012 16:28


Սերժ Սարգսյան. «Հայաստանն ակտիվ համագործակ­ցում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության բոլոր բնագավառներում»

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ:

Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ավարտին

 Տիկնա՛յք և պարոնա՛յք, ուրախ եմ կրկին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գտնվելու և Գլխավոր քարտուղարի հետ հանդիպելու համար: Պարբերական հանդիպումները լավ առիթ են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բոլոր  ոլորտների շուրջ մտքեր փոխանակելու, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր քննարկելու համար:

Հայաստանն ակտիվ համագործակ­ցում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության բոլոր բնագավառներում: Արդյունավետ է ընթանում բարեփոխումների գործըն­թա­ցը պաշտպանության, անվտանգության և արտակարգ իրավիճակնե­րի ոլորտներում, որոնք Հայաստանում լայն թափ ստացած ներքին բարեփոխում­ների բաղկացուցիչ մասն են կազմում:

Այս առումով, արձանագրեցինք, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագիրը շարունակում է մնալ մեր գործընկե­րային հարաբերությունների անկյունաքարը: Անցյալ տարվա նոյեմբերին մենք հաստատել ենք այդ ծրագրի երրորդ փուլի մեր անելիքները և ձեռնամուխ եղել նրա նպատակների իրականացմանը:

Մենք երկուստեք բարձր գնահատեցինք Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության շարունակական ընթացքը: Այս առումով, կարևորեցի քիչ հետո մեկնարկե­լիք Հայաստան-Հյուսիսատլանտյան խորհուրդ հանդիպումը, որը լավ հնարա­վորություն է ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին Հարավային Կովկասի առջև ծառա­ցած անվտանգության սպառնալիքների ու մարտահրավերների մասին մեր ընկալումներն ու դրանց հաղթահարման պատկերացումները ներկայացնելու համար:

Ուրախ եմ, որ Գլխավոր քարտուղարը և Դաշինքը, ընդհանրապես, բարձր են գնահատում Հայաստանի ջանքերը համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանման գործում: Մենք գիտակցում ենք, որ արդի սպառնալիքներն ու մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միմիայն հավաքական ջանքերի շնորհիվ: Այդ իսկ նպատակով, մենք անցյալ տարվա ամռանը եռապատկեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը:

Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ՝ ուղղված լինի դա թե՛ տարածաշրջանային համագործակցության խթանմանը, թե՛ շփման գծում լարվածության թուլացմանը: Օրինակ Ադրբեջանը, ցավոք, դեմ է դիպուկահարների հետքաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը: Ավելին, ոչ մի րոպե չեն դադարել Ադրբեջանի կողմից պատերազմի կոչերը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը: Ադրբեջանի նախագահը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ադրբեջանցիների թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Այս հանգամանքը պետք է արժանանա միջազգային հանրության գնահատականին:

Գլխավոր քարտուղարի հետ համամիտ էինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով և բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Համոզված ենք, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն ժողովուրդ­ների ինքնորոշման իրավունքի հարգման և անվտանգության համակողմանի երաշխիքների ապահովման միջոցով:

Եզրափակելով` ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը