Լրահոս

26.03.2012 10:31


Շարմազանովը համամիտ չէ, որ ՀՀԿ–ի համամասնական ցուցակը Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլն է հիշեցնում

Շարմազանովը համամիտ չէ, որ ՀՀԿ–ի համամասնական ցուցակը Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլն է հիշեցնում

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իրենց կուսակցության համամասնական ցուցակը համարում է հաղթող, հրաշալի և արդյունավետ։

–Հաղթելու ենք այն բոլոր 250 հոգանոց ցուցակի միջոցով, որոնք ծառայում են ՀՀ–ի և ՀՀԿ–ի միջոցով երկիրը ավելի առաջընթացին տանելուն,–«7օր»–ի հետ զրույցում ընդգծել է Է. Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե հատկապես ո՞ւմ միջոցով են հաղթելու՝ Շուշան Պետրոսյանի, Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի, Խոսրով Հարությունյանի, թե՞ այլոց։

«7օր»–ը ՀՀԿ մամուլի խոսնակից հետաքրքրվել է նաև, թե ինչպե՞ս է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արատաշես Գեղամյանը հայտնվել ՀՀԿ–ի ցուցակում, այն դեպքում, երբ ժամանակին Սերժ Սարգսյանը Գեղամյանին «դատարկ դհոլ» որակումն էր տվել։

–Քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է,–մեկ նախադասությամբ սահմանափակվել է Շարմազանովը։

Նաև նա չի համաձայնել, որ ՀՀԿ–ի համամասնական ցուցակը փոխաբերական իմաստով կարելի է անվանել Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլ, քանզի մեներգիչը կա՝ ի դեմս Շուշան Պետրոսյանի, նախագահ Սերժ Սարգսյանի որակմամբ՝ դհոլը կա՝ ի դեմս Արտաշես Գեղամյանի, և այդպես շարունակ։

–Խորհուրդ կտայի ավելի կոռեկտ արտահայտվել։ ՀՀԿ–ն ունի ցուցակում ընդգրկված մարդիկ, ովքեր ունեն մեծ հեղինակություն հասարակության մեջ, և դատավորը ժողովուրդն է։ Մայիսի 6–ին կտեսնեք, որ դատը կավարտվի Հանրապետականի հաղթանակով,–պնդել է Շարմազանովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը