Լրահոս

18.05.2009 18:50


Համերգներ՝ նվիրված Շառլ Ազնավուրի 85–ամյակին

Համերգներ՝ նվիրված Շառլ Ազնավուրի 85–ամյակին

Մայիսի 22-ին լրանում է Շառլ Ազնավուրի 85 տարին, ինչի առթիվ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո ՀՀ մշակույթի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ մայիսի 17-22-ը Հայաստանում և Արցախում անց են կացվում համերգներ «Քեզ համար, Հայաստան» խորագրով:
Այս օրերին հայ երաժշտասեր հասարակությանը բացառիկ հնարավորություն կընձեռվի ըմբոշխնելու հանրահայտ երգչուհիներ Սեդա Ազնավուրյանի և Լիզ Սարյանի ինքնատիպ  կատարումները:
Համերգային ծրագրին կմասնակցի նաև հայ-ֆրանսիական համատեղ նվագախումբը՝ Ֆրեդերիկ Մանուկյանի ղեկավարությամբ:
Երևանյան համերգները կանցկացվեն մայիսի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և մայիսի 20-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Վերջինը բարեգործական է, անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է սպիտակարյունությամբ տառապող երեխաներին սատարող «Օգնեմ» հիմնադրամին:
Արցախում Սեդա Ազնավուրյանը և Լիզ Սարյանը մայիսի 17-ին համերգային ծրագրով հանդես են եկել Ստեփանակերտի մշակույթի պալատում:
«Քեզ համար, Հայաստան» խորագրով համերգաշարը կեզրափակվի մայիսի 22-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Այս խորագրի վերջին նյութերը