Լրահոս

10.04.2012 15:11


Արդյոք իշխանությունն ուզո՞ւմ է ցուցակները մաքրել

Արդյոք իշխանությունն ուզո՞ւմ է ցուցակները մաքրել

 ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Արամ Մանուկյանն իր մտահոգությունն է հայտնել ընտրողների ցուցակներում առկա անճշտությունների շուրջ.

–Ցուցակների հետ կապված զավեշտներ Արաբկիրում էլ կան։ Ընտրացուցակներում 4000–4500 մարդ ավելացավ, որը մեզ համար տարօրինակ է։ Եվ նպատակային խառնվել են ընտրատեղամասերը, ընդ որում՝ անտրամաբանական ձևով։

Արամ Մանուկյանը բերել է հետևյալ օրինակը.

–Բաղրամյան 45 հասցեն դուք կարող եք elections.am–ով բացել, նաև Բաղրամյան 47 հասցեն. ամեն մի հացե կազմված է երկու հասցեներից՝ Բաղրամյան 45 տուն, Բաղրամյան 45 շենք։ Բաղրամյան 45 տան բնակիչները քվեարկում են մի տեղամասում, Բաղրամյան 45 շենքի բնակիչները՝ մեկ այլ տեղամասում։ Բաղրամյան 47 շենքի բնակիչների կեսն էլ մի տեղամասում է քվեարկում, մյուս կեսը՝ այլ տեղամասում։

Շարունակելով իր խոսքը՝ Արամ Մանուկյանն ասել է.

–Այդպիսի դեպքեր հայտնաբերել ենք և շարունակում ենք հայտնաբերել։ Մենք կտանք ոստիկանություն այդ ցուցակները և այն մարդկանց ցուցակները, ովքեր երկար ժամանակ Հայաստանում չեն բնակվում։ Ընդ որում, հաճելիորեն ասեմ, որ այդ գործը կարող ենք անել մի քանի կուսակցությունների հետ համատեղ, ովքեր պատրաստ են աջակցել մեզ, մենք էլ պատրաստ ենք աջակցել իրենց։ Այս ձևով շատ է հեշտանում ցուցակները մաքրումը։

Կարևորելով ընտրացուցակներից Հայաստանից բացակայող քաղաքացիների անունները մաքրելու հարցը՝ Արամ Մանուկյանն ընդգծել է, որ այդ խնդիրը ոչ թե օրենսդրական է, այլ քաղաքական։ Մանուկյանի խոսքերով՝ օրենքը թույլ է տալիս շատ արագ հայտնաբերել այդպիսի քաղաքացիների և առանձնացնել իրենց անունները՝ չզրկելով ընտրական իրավունքից, և եթե քաղաքացին վերադառնա Հայաստան, առանց որևէ խոչընդոտի կարող է մասնակցել ընտրություններին։

–Արդյոք իշխանությունն ուզո՞ւմ է ցուցակները մաքրել։ Ես պատասխանում եմ՝ ո՛չ։ Եթե մաքրի, ինքը կհայտնվի շատ ծանր վիճակում և կզրկվի կեղծիքների հնարավորությունից,–ասել է Արամ Մանուկյանը։

Բանախոսը նաև նկատել է, որ իշխանության կողմից ճնշումների ուժգնացումը համապատասխան հակաճնշում է առաջացնում, և փորձերը՝ վախի մթնոլորտ ձևավորել, հակառակ ազդեցությունն են ունենում։ Մանուկյանը կոչ է արել բոլորին չթերագնահատել քվեն և վստահորեն գնալ ընտրությունների։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը