Կարծիք

12.04.2012 17:03


Կասկածելի ժառանգություն

Կասկածելի ժառանգություն

«Ժառանգություն» կուսակցությունը կարծես հայտնվել է բարդ իրավիճակում. մի կողմից իշխանությունն է գրավիչ ֆինանսական հնարավորություններով, մյուս կողմից ընդդիմադիր դաշտը, որը ֆինանսական ապահովություն չի երաշխավորում, սակայն առաջարկում է հեղինակություն հասարակության շրջանում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս երկուսը համատեղելը գործնականում անհնար է, քանի որ ընդդիմադիր կերպարում Սերժ Սարգսյանի հետ թաքնված թե հրապարակային համագործակցությունն ուղղակիորեն հակացուցված է հասարակության շրջանում հեղինակություն ունենալուն:

Խորհրդարանական ընտրություններից առաջ հետաքրքիր էր, թե ինչպիսի ընտրություն կկատարի կամ արդեն կատարել է խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում իրեն վատ չդրսևորած «Ժառանգություն» կուսակցությունը: Որոշակի փաստերի արձանագրումը, կարծում եմ, պատկերացում կտա «Ժառանգության» կողմնորոշվածության առումով:

Նախ՝ այդ կուսակցության համամասնական ցուցակը կասկածներ առաջացրեց, որ այն կազմելու ժամանակ կողմնակի ազդեցություն է եղել Բաղրամյան 26-ից: Ամենախնդրահարույց հանգամանքն այդ ցուցակի 6-րդ հորիզոնականում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի հայտնվելն էր:

Թևան Պողոսյանն իշխանությունների թրքասիրական նոպայի ժամանակ (երբ բոլոր հնարավոր միջոցներով քարոզվում էր, որ  հայ-թուրքական արձանագրություններին այլընտրանք չկա) լծված էր այդ իշխանանվեր գործին և հանրապետության մարզերում իր կենտրոնով քարոզում էր՝ ինչքան «պուպուշ» փաստաթուղթ է հայ-թուրքական արձանգրությունները: Օրինակ՝ Գյումրիի «21/16» դիսկո ակումբում կամավոր պարտադիր սկզբունքով տեղափոխված ուսուցիչների, դասախոսների, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցների մոտ Թևան Պողոսյանը փառաբանում էր արձանագրությունները: Ինքս եմ ականատես եղել։ Հատկանշական է, որ սույն սեմինարից հետո մասնակիցներին բաժանվել էին հարցաթերթիկներ, որտեղ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ հարցեր էին տրված՝ հայ-թուրքական արձանագրությունները լա՞վ փաստաթուղթ է, շա՞տ լավ փաստաթուղթէ, թե՞ հիանալի փաստաթուղթ է:

Այսքանից հետո տվյալ անձնավորությունն ընդգրկվում է մի կուսակցության համամասնական ցուցակ, որը դաժանորեն «Ո՛չ» էր ասում նույն խայտառակ արձանագրություններին: Կարծում եմ՝ այդ շրջանում ոչ ոք առանց իշխանությունների կողմից հրահանգվելու չէր էլ մտածի քարոզել արձանագրությունների օգտին: Իսկ եթե Թևանն այդ ամենն արել է ներքին համոզմունքով, ապա առնվազն տարօրինակ է, որ նա ոչ թե ՀՀԿ–ի, այլ «Ժառանգության» ցուցակում է։

Շատ տարօրինակ է ստացվում նաև այն, որ իշխանության կողմից հրահանգվելու հակում ունեցող անձնավորությունը հայտնվում է ընդդիմադիր կուսակցության ցուցակում:

Երկրորդ կասկածելի փաստը կայացավ երեկ, երբ «Ժառանգության» ներկայացուցիչը  հայտարարեց, որ կմասնակցի ընտրությունների վերահսկման հանրային շտաբի աշխատանքներին, եթե համաձայնագիրը ստորագրեն ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» առաջնորդները։ Պատճառաբանությունն առավել քան տարօրինակ է, քանզի իրական ցանկության բացակայության դեպքում առաջնորդը չէ, կուսակցության բոլոր անդամներն էլ որ իրենց ստորագրությունը դնեն հռչակագրի տակ, իրավիճակ չի փոխվելու:

Գործնականում անհնար և չհիմնավորված պահանջ դնելով՝ ըստ էության, «Ժառանգությունը» փորձում է լքել կամ արդեն լքել է ՀՀԿ–ի մենաշնորհը վերացնելու ուղի բռնած նավը՝ հավանաբար ազատ և արդար ընտրությունների անցկացումը վստահելով ՀՀԿ-ին, առավել ևս, որ իրենց ցուցակում գտնվող Թևան Պողոսյանի հետ սերտ կապեր ունեցող Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն արդեն խոստացել է որակյալ հեղափոխություն:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը