Լրահոս

17.04.2012 17:51


Ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով շարադրությունների մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով շարադրությունների մրցույթի արդյունքները

 ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 17–ին ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով համադպրոցական և համաբանակային շարադրությունների մրցույթի արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՊՆ և ԿԳՆ ներկայացուցիչներ, ժամկետային զինծառայողներ, ուսուցիչներ և աշակերտներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է նմանաբնույթ միջոցառումների կարևորությունը` նշելով, որ դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Յուրաքանչյուր շարադրություն կարդալիս նաև ընթերցում ենք զինվորի, աշակերտի ներաշխարհը, ծանոթանում բանակի դերակատարության մասին նրանց պատկերացումներին: Այս ամենի շնորհիվ մենք արձանագրում ենք, որ հասել ենք հաջողությունների և, իրոք, արժանի սերունդ ենք դաստիարակում: Հարկ եղած դեպքում մեր երեխաներն ավելի անձնուրաց են պաշտպանելու հայրենիքը»:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավելել է, որ շարադրություններն ընթերցելիս դժվար էր զսպել հուզմունքը. «Զարմանում էի, թե ինչպիսի մաքրությամբ ու պարզությամբ են արտահայտում մեր զինվորներն ու աշակերտները իրենց հույզերն ու վերաբերմունքը բանակի և հայրենիքի նկատմամբ: Դեպի հայրենիք և հայրենիքի պաշտպանը հանդիսացող ազգային բանակ տածած այդ պարզ, զուլալ և ջինջ զգացմունքը միավորել էր այս աշակերտներին և զինվորներին, որոնք միմյանցից հայրուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա են գտնվել»:

Միջոցառման ավարտին Ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով շարադրությունների մրցույթում լավագույն աշխատանքներ ներկայացրած մի շարք ժամկետային զինծառայողներ և աշակերտներ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների կողմից ստացել են պատվոգրեր, մի քանի ուսուցչուհիներ` պարգևատրվել «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:

Այս խորագրի վերջին նյութերը