Լրահոս

18.04.2012 18:00


Քիմ Քարդաշյանը Գլենդելի քաղաքապե՞տ

Քիմ Քարդաշյանը Գլենդելի քաղաքապե՞տ

Ամերիկահայ դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանի՝ 2017-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի ղեկավար դառնալու ցանկությունը դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Այդ մասին Քիմն ասել է «Քլոու & Լամար» ռեալիթի շոուի եթեր չհեռարձակված տեսահոլովակում:

Քրոջ հետ զրույցում Քարդաշյանն ասել է, որ ստիպված է սպասել 5 տարի քաղաքում բնակության համապատասխան կարգավիճակ ապահովելու համար: Բացի այդ, Քիմը ցանկություն է հայտնել բնակարան գնել Գլենդելում և իր նախընտրական արշավում ստանալ ընկերուհու՝ Նոել Քեշիշյանի աջակցությունը, ով էլ կգլխավորի քարոզարշավը:

Քիմն իր ցանկությունը բացատրել է հետևյալ կերպ. «Դա կարծես հայկական քաղաք է»։

Միաժամանակ «Լոս Անջելես թայմս» պարբերականն իր բլոգում տեղեկացնում է, որ Քիմի հայտարարությունը մեծ ոգևորություն է առաջացրել Գլենդելի քաղաքային իշխանությունների շրջանում: Քաղաքի խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն ասել է, որ թեև դեռ պաշտոնապես կապ չի հաստատել Քարդաշյանի կամ նրա ներկայացուցիչների հետ, սակայն կողջունի նրա այդ որոշումը, քանի որ ցանկացած բան, որը կարող է մեծ ուշադրության արժանացնել քաղաքային ընտրությունները, արդեն իսկ դրական է, իսկ Քարդաշյանը կարող է իր որոշմամբ գրավել մեծ թվով լրատվամիջոցների ուշադրությունը։

«Սա Կալիֆոռնիան է, որտեղ աստղերը հաճախ են մտնում քաղաքականություն» - ավելացրել է նա:  

«Glendale News-Press»–ն էլ գրում է, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը հայտարարել է, թե Քարդաշյանին կառաջարկեր վարչակազմի պատվավոր ղեկավարի պաշտոնը: Նա նաև խորհուրդ է տվել Քիմ Քարդաշյանին սկզբի համար այցելել ապրիլի 24-ին կայանալիք միջոցառմանը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին»

Քաղաքի բնակիչները, սակայն, նորությունն ընդունել են բացասաբար։ «Twitter»-ում արված հաղորդագրություններում («Գլենդելի բնակիչնե՛ր, ժամանակն է տեղափոխվել Մեքսիկա», «Ես չեմ էլ կարող կատակել, քանի որ առանց այդ էլ ծիծաղելի է», «Գլենդե՛լ, պահի՛ր կանանց ու երեխաներին, Քիմ Քարդաշյանը գալիս է ձեր հետևից») շատերը նշում են, որ քաղաքապետի թեկնածուն բավականաչափ խելացի չէ այդ պաշտոնի համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը