Լրահոս

20.04.2012 10:59


Հայոց ցեղասպանության հերքողը Սլովակիայի տարածքում կարժանանա 5 տարվա ազատազրկման

Հայոց ցեղասպանության հերքողը Սլովակիայի տարածքում կարժանանա 5 տարվա ազատազրկման

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության նվիրված հուշակոթող-խաչքարի մոտ տեղի ունեցավ զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակի մատուցում և ծիսակատարություն: Միջոցառման արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել Սլովակիայի Ազգային Խորհրդի /ԱԽ/ և կառավարության բարձրագույն ներկայացուցիչները, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարները, հյուրեր:

Իր բացման խոսքում ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը նախ շնորհակալություն հայտնեց 2004թ-ին Սլովակիայի Ազգային Խորհուրդում հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակներին և իրենց կարևոր ավանդը ունեցող քաղաքական գործիչներին ու մասնավորապես շնորհակալության հատուկ խոսք ուղղեց 2009թին սեպտեմբերից գործող Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի հեղինակ` Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ պարոն Շտեֆան Հարաբինին: Գրիգորյանը նշեց, որ այս օրենքի գործունեությունը Սլովակիայում հատկապես մեծ արժեք ստացավ, երբ համանման օրենքի հաստատումը խնդիրներ հարուցեց ԵՄ մի այլ երկրում` Ֆրանսիայում: Նա նշեց, որ այս օրենքը ստեղծվել է մարդու ազատության պաշտպանության համար, որը հանդիսանում խոսքի ազատության, մարդու բոլոր իրավունքների պաշտպանության հիմքը: Այս օրենքը կասեցնում է մարդկության դեմ հնարավոր գործվող ոճիրները, և Սլովակիայի կողմից այս օրենքի ընդունումը պիտի փայլուն օրինակ ծառայի ԵՄ մյուս բոլոր երկրների համար: Համանման օրենքներ առաջինը պետք է ընդունեն հատկապես ԵՄ այն երկրները, որոնք արդեն իրենց պառլամենտներում հաստատել են Հայեց ցեղասպանության փաստը: Սրանով կկասեցվի Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, և Թուրքիան ինքը ստիպված կլինի մինչ 2015թ-ը ընդունել իր կողմից կատարված հանցագործությունը` հանցագործություն որպես ընդդեմ մարդկությանը: Գրիգորյանը նշեց, որ Թուրքիայի նորօրյա իդեոլոգներ`ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և վարչապետ Ռեջեբ Էրդողանը, զարգացնում են <<նեոօսմանիզմի>> գաղափարները, որոնց հիմքում ընկած է <<պան-թուրքիզմի>> քաղաքականությունը: Եվրոպացի ժողովուրդների մոտ դեռևս թարմ են Օսմանյան Կայսրության վայրագության արդյունքները, /հատկապես հույների, կիպրոսցիների, բուլղարների, սերբերի և այլոց/ և չնայած նրանք անկախություն ձեռք բերելուց հետո զարգանում են իրենց պատմական տարածքների վրա Հայաստանը տիրապետում է միայն իր տարածքների մեկ տասներորդին: Ավելին <<պան-թուքիզմի>> քաղաքականության իմաստը Փոքր Ասիան Միջին Ասիային միացնելու ծրագիրն է, որի հիմանական խանգարող համակարգը Հայոց պետությունն է` մեխված նրանց արանքում: Այսօր Թուրքիան և Ադրբեջանը ոչ ադեկվատ ծավալներով զինվում են ամբողջ աշխարհի աչքի առջև: Քաղաքակիրթ աշխարհն իրավունք չունի անտեսելու այս փաստը, նշեց Գրիգորյանը իր ելույթում:

Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը ունեցավ փայլուն ելույթ, որը մեջբերում ենք.

<<Երբ ես արդարադատության նախարար էի, իմ կողմից պատրաստվեց և Սլովակիայի Ազգային Խորհուրդ  ներկայացվեց oրենքի նախագիծ, որը վերաբերվում էր ոչ միայն հոլոքաուստին, այլ նաև ցեղասպանությունն, այդ թվում Հայող ցեղասպանությունը մերժելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրին: Դրանով մենք ամրապնդեցինք 2004թ-ին Սլովակիայի Ազգային Խորհրդի /ԱԽ/ կողմից ընդունված բանաձևի իրավական գործող ստատուսը` ի պատասխան ՄԱԿ-ի կողմից ընձեռած քայլին: Սակայն անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն, որ այդ օրենքը ստեղծվեց նաև մարդու ազատության պաշտպանության համար, որը հանդիսանում է խոսքի ազատության և մարդու բոլոր իրավունքների պաշտպանության հիմքը: Մարդու կյանքի և հանցագործությունների զոհերի նկատմամբ հարգանքը ստիպում է կատարել այնպիսի քայլեր, որ այդ հանցագործությունները երբևիցե չկրկնվեն, ու սա հանդիսանում է քաղաքակիրթ հասարակության հիմքը: Դժվար գտնվի մի մարդ, որը հավատում է մարդասիրական սկզբունքներին, մարդկային բարոյականությանը, հավատում է Աստծուն և միաժամանակ պնդում է, որ որևէ մի ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը կարելի է արդարացնել: Ես բացեիբաց ելույթ եմ ունենում դրա դեմ և հենց դրա դեմ է պայքարում Սլովակիան իր օրենքով, որը պատասխանատվության է ենթարկում մարդկության դեմ կատարված բոլոր ոճիրները և ոճրագործներին: Կոնկրետ Հայոց ցեղասպանության հերքողը Սլովակիայի տարածքում կարժանանա 5 տարվա ազատազրկման և այս օրենքը ստորագրվել է ու հաստատվել Սլովակիայի նախագահի, վարչապետի և ԱԽ նախագահի կողմից: Քրեական պատասխանատվության շուրջ ընդունված օրենքով ավարտվեցին իմ կողմից կատարվող լրացումները Սլովակիայիում մարդու իրավունքների պաշտպանությունը և արդարությունը վերահաստատող ՔՕ-ի հոդվածներում, և այս արդյունքով ես հմարտ եմ>>:

Ելույթ ունեցան նաև նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին և մարզպետ Տիբոր Միկուշը, որոնք մեծ ավանդ են ունեցել Սլովակիայի ԱԽ-ում Հայոց ցեղասպանության բանաձևը հաստատելու գործում: Պարոն Տիբոր Միկուշը մասնավորապես նշեց, որ Սլովակիայի ժողովրդի համար մեծ նվեր էր այն, որ ԱԽ-ում չգտնվեց գոնե մեկ պատգամավոր, որը դեմ քվեարկեր Հայոց ցեղասպանության բանաձևին: Պարոն Միկուշը նշեց նաև, որ դրանով պետք է հպարտանա ողջ Սլովակիան:

Վերջում պարոն Աշոտ Գրիգորյանը կատարեց կարևոր հայտարարություն` նշելով, որ Թուրքիան վերջին երկու շաբաթվա ընթացքում հսկայական ճնշում է սկսել Սլովակիայի ԱԳՆ-ի վրա` ուշացած փորձ անելով Սլովակիային պատժելու արդեն գործող օրենքի կապակցությամբ: Հեռակա դիմելով Թուրքիայի ԵՄ հարցերի գծով պետական նախարար պ. Էգեմեն Բաղիշին, Գրիգորյանը հրավիրեց նրան Սլովակիա` խոստանալով ապահովել ելույթ խաչքարի մոտ ԶԼՄ-ների առջև և ասել իր կարծիքը Հայոց ցեղասպանության առթիվ: Գրիգորյանը սակայն նշեց, որ եթե այդ ելույթում պարոն Բաղիշը փորձի դույզն ինչ հերքել Հայոց ցեղասպանության փաստը, ապա այստեղ ներկա պարոն Հարաբինը անմիջապես կստորագրի նրան ձերբակալելու հրամանը ու կառաջադրի 5 տարի ազատազրկում: Եթե պարոն Բաղիշը կփորձի ազատազրկումից խուսափել` աղերսելով դիվանագիտական անձեռնմխելիության հիմքի վրա պաշտպանություն, ապա դրանով նա կզլանա կատարելու քաղաքակիրթ դիվանագետ լինելու և քաղաքակիրթ երկիր ներկայացնելու իր պարտականությունը: Կա նաև երրորդ տարբերակ. պարոն Բաղիշը ներողություն է խնդրում Սլովակիայի իշխանությունից, մասնավորապես պարոն Շտեֆան Հարաբինից իրենց հասցեին Թուրքիայում կատարած դատարկախոսությունների համար և փրկվում քրեական պատասխանատվությունից:

Նշենք որ միջոցառմանը ներկա դիվանագիտական ներկայացուցիչներից հատկապես ակտիվ էին Սլովակիայում Հունաստանի և Կիպրոսի դեսպանները, որոնք հաստատեցին, որ ամբողջովին համաձայն են ելույթ ունեցողների, հատկապես Գրիգորյանի ու Հարաբինի հայտարարությունների հետ:

Հավաքի մասնակիցներն այժմ սպասում են այս միջոցառման դեմ ուղղված թուրքական պատասխանին:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը