Լրահոս

20.04.2012 11:26


«Լավագույն երիտասարդ արձակագիր» ճանաչված բրիտանացի Թոբի Լիթը կհամագործակցի հայ երիտասարդ գրողների հետ

«Լավագույն երիտասարդ արձակագիր» ճանաչված բրիտանացի Թոբի Լիթը կհամագործակցի հայ երիտասարդ գրողների հետ

Միացյալ Թագավորությունում «Գրանտա» գրական հայտնի ամսագրի կողմից 2003 թվականին բրիտանացի 20 երիտասարդ լավագույն արձակագիրներից մեկը ճանաչված գրող Թոբի Լիթը «Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակվելու կապակցությամբ կազմակերպվող տոնակատարությունների շրջանակում կայցելի Հայաստան: 20 լավագույն արձակագիրների ստեղծագործությունների «Գրանտա»  ամսագրի առանձին հրատարակությունը The Observer-ն անվանել էր. «Ցանկ, որը սերնդի համար սահմանում է գրական օրակարգ»:

Թոբի Լիթը Հայաստան է այցելում Մշակույթի նախարարության հրավերով, իսկ Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ կհանդիպի հայ երիտասարդ գրողների հետ: Հանդիպման ընթացքում գրողները կքննարկեն համատեղ ստեղծագործ համագործակցության հեռանկարները, գրական աշխարհում միջազգային կապեր ձևավորելու հնարավորությունները:

Թոբի Լիթը ծնվել է Անգլիայում 1968 թվականին: Սովորել է Բեդֆորդի ժամանակակից դպրոցում, անգլերեն է ուսումնասիրել Օքսֆորդի Վոլչեստր քոլեջում, իսկ ստեղծագործ շարադրում` Արևելյան Անգլիայի համալսարանում: Նրա առաջին գիրքը` «Արկածներ կապիտալիզմում» կարճ պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել 1996 թվականին: «Ամենավառ երիտասարդ տաղանդը գրական ասպարեզում»,-գրքի լույս տեսնելուց հետո գրում է Independent-ը:

Մինչ օրս Թոբի Լիթը հեղինակել է 10 ստեղծագործություն: Նրա վերջին պատմվածքներն են «Ճանապարհորդություն դեպի տիեզերք» (2009թ.) և «Մահվան արքան» (2010թ.):  Penguin հրատարակչատան «Մենք կպատմենք պատմություններ» ծրագրի շրջանակում Թոբի Լիթը գրել է ինտերակտիվ կարճ պատմվածքներ` օգտագործելով Livejournal-ի և Twitter-ի հնարավորությունները:

Գրական աշխատանքին զուգահեռ Թոբի Լիթն ստեղծագործ շարադրում է   դասավանդում Բըրքբեքիում, Լոնդոնի համալսարանում: Երևանում գրողը «Ստեղծագործ շարադրման ուսուցում» թեմայով վարպետության դասընթաց կանցկացնի անգլերենի ուսուցիչների համար:

Այս խորագրի վերջին նյութերը