Լրահոս

21.04.2012 10:11


Դատախազության պարզաբանումը. Լոռու մարզի դատախազի հայտարարությունը ներկայացվել է աղճատված

Դատախազության պարզաբանումը. Լոռու մարզի դատախազի հայտարարությունը ներկայացվել է աղճատված

Ապրիլի 16-ին Վանաձորում տեղի ունեցած բողոքի ակցիայի եւ դրա ժամանակ արձանագրված միջադեպերի վերաբերյալ Լոռու մարզի դատախազի հնչեցրած կարծիքը որոշ լրատվության միջոցների կողմից ներկայացվել է աղճատված եւ ոչ լիարժեք՝ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: 

Աներկբա է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքն ու քաղաքացիական դիրքորոշումը, ինչը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ: Քաղաքացիական դիրքորոշման արտահայտման ձեւերն ու մեխանիզմները, ինչպես նաեւ այդ ընթացքում հասարակական կարգի խախտման, հանցանքների եւ զանցանքների համար նախատեսված պատժամիջոցները կանոնակարգված ու սահմանված են գործող օրենքներով:  

2012 թվականի ապրիլի 16-ին թվով 36 կազմակերպությունների ներկայացուցիչներ  Վանաձորի «Հայք»-ի հրապարակում, նախապես իրազեկելով համայնքի ղեկավարին,  կազմակերպել են հավաք, ապա՝ երթ դեպի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի` Վանաձորի գրասենյակ՝ բողոքելով ադրբեջանական  ֆիլմերի ցուցադրության նախաձեռնության դեմ: Բողոքի ակցիայի ընթացքում որոշ անձինք  գրասենյակի ուղղությամբ նետել են ձվեր եւ քար՝ վնասելով գրասենյակի գույքը, ինչպես նաեւ աշխատակիցներից մեկին պատճառելով մարմնական վնասվածք: 


Տեղի ունեցածի վերաբերյալ Լոռու մարզի դատախազի ներկայացրած կարծիքը լրատվամիջոցների կողմից հրապարակվել է աղճատված՝ մտայնություն ձեւավորելով, թե Լոռու դատախազը, որպես բողոքի արտահայտման ձեւ, ձվերի եւ քարի նետումը համարում է թույլատրելի: Մինչդեռ՝ Լոռու դատախազն իր կարծիքն է ներկայացրել՝ նախ հավաքի իրազեկված լինելու եւ հասարակական կարգի պահպանության գործում ոստիկանության ունեցած դերի վերաբերյալ` նշելով, որ ոստիկանները ապահովել են հասարակական կարգը եւ անհարկի միջամտության կարիք չի եղել, ապա նաեւ տեղեկացրել, որ երբ որպես բողոքի նշան նետվել են ձվեր, անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ եւ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր՝ համապատասխան իրավական գնահատական տալու համար:  

Հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ ստորեւ ներկայացնում ենք վիճարկվող հարցի վերաբերյալ  Լոռու դատախազի հնչեցրած պատասխանի սղագրությունը.

«Կ. Շահբազյան …Անձանցից մեկը քար է շպրտել գրասենյակի ուղղությամբ, վնասել ապակին, և քարերից մեկը, կոտրելով ընկնելով ներս, վնասել է գրասենյակի աշխատակցուհու ոտքը: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության` արդեն օպերատիվ մասը, ձեռնարկել են միջոցներ, անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքը գրանցված է, նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են փորձաքննություններ:

Հարց – Պարոն Շահբազյան, ձվերի նետումը և քարերի նետումը հասարակական կարգի խախտում չէ՞:

Կ.Շահբազյան - Դա բողոքի արտահայտման ձև է, որի գնահատականը նյութերի նախապատրաստման ընթացքում կտրվի:

Հարց – Պարոն Շահբազյան, արդյոք ոստիկանությունն իրավասու՞ էր կամ իրավասու չէ՞ր հենց էդ պահին ձերբակալել քարեր ու ձվեր նետողներին ու կա՞ն արդյոք ձերբակալվածներ:

Կ.Շահբազյան - Ես նշեցի, որպեսզի հարց չառաջանա, որ նախապատրաստվում են նյութեր: Առանց քրեական գործ հարուցելու անձինք չեն ձերբակալվում, տեղում բողոքի արտահայտման ձևերը այժմ քննարկվում են, ոստիկանությունը հասարակական կարգը պահպանել է: Արդեն իսկ երբ որ գործողությունները դուրս են եկել` ձվեր նետել, քարեր նետել, դրա համար անմիջապես ժամանել է օպերատիվ մասը և անցել  իր անհետաձգելի քննչական գործողությունների կատարմանը: Եթե կա, պարզվի հանցակազմ, ապա կհարուցվի քրեական գործ և կտրվի համապատասխան ընթացք: Այս պահին նշանակված են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստանալուց հետո արդեն նյութերի հետագա ընթացքի հարցը կորոշվի»: 

Սղագրությունը վկայում է, որ Լոռու մարզի դատախազի հնչեցրած հայտարարությունները մեկնաբանվել են միակողմանի՝ հասարակության մոտ ձեւավորելով թյուր կարծիք, թե քարեր նետելը բողոքի արտահայտման թույլատրելի ձեւերից է: Ճիշտ հակառակը՝ Լոռու դատախազը հստակ հայտարարել է, որ բողոքի արտահայտման այդօրինակ ձեւերի գնահատականը կտրվի նյութերի նախապատրաստման ընթացքում: 

Չենք կարծում, որ հրապարակային հնչեցրած հայտարարություններն աղճատված ներկայացնելը նպաստում է խոսքի ազատությանը:

 ՀՀ դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը