Լրահոս

21.05.2009 19:06


Վիկտոր Դալլաքյան. «Նման կուրյոզներ կարող են տեղի ունենալ ՀՀ Ազգային ժողովում»

Վիկտոր Դալլաքյան. «Նման կուրյոզներ կարող  են տեղի ունենալ ՀՀ Ազգային ժողովում»

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանում հարկային փաթեթի քննարկման ժամանակ հարակից զեկուցող՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանին «մեխանիզմ» է առաջարկել՝ կազմակերպել իրենց հանձնաժողովի արտահերթ նիստ։

-Ձեզ առաջարկում եմ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել, և հարցը մեկ անգամ ևս քննարկել։ Իմ տպավորությամբ հանձնաժողովի անդամների բացարձակ մեծամասնությունը դեմ է արտահայտվում  այս նախագծին։ Միայն ՀՀ Ազգային ժողովում է հնարավոր, երբ հանձնաժողովի անդամները դեմ են արտահայտվում, իսկ հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն,- հայտարարել է Վ. Դալլաքյանը։

Ավելին, ըստ պատգամավոր Դալլաքյանի, կարող են մարդիկ դեմ ելույթներ ունենալ, հարցադրումներ ներկայացնել լրագրողների և հեռուստատեսության համար, և դրանից հետո մեկ մատի շարժումով կողմ քվեարկել։

-Նախագիծը միաձայն ներկայացվել է կոալիցիոն կառավարության կողմից։ Ի՞նչ եք կարծում, կոալիցիոն խորհրդարանն ինչպե՞ս պետք է իր վերաբերմունքն արտահայտի։ Կա՞ կոալիցիոն կառավարություն, կա՞ կոալիցիոն խորհրդարան, թե՞ ոչ։

Պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատասխանել է, թե կփորձեն հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել։

 -Եթե առանց փոփոխությունների կողմ քվեարկվի, կընդունեմ, որ Ձեր ասածը համապատասխանում է իրականությանը, բայց ես համոզված եմ, որ պատգամավորների մեծ մասը ներկայացված նախագծին կողմ չի քվեարկի։ Եթե ես սխալվեմ, ներողություն կխնդրեմ,- հայտարարել է Հակոբ Հակոբյանը։

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Վիկտոր Դալլաքյանն ասել է, թե այսօր աղմուկ–աղաղակ կբարձրացնեն, իսկ հաջորդ քառօրյայում արդեն պատգամավորները կգան և բնազդաբար «կողմ» կքվեարկեն առաջարկվող նածագծին։

Այս խորագրի վերջին նյութերը