Մեկնաբանություն

24.04.2012 13:24


Րաֆֆին՝ «А теперь я Наташа» տարբերակով

Րաֆֆին՝ «А теперь я Наташа» տարբերակով
Հայաստանի քաղաքական համակարգն այնքան անկատար է, որ ցանկացած մեկը կարողանում է դրսից կամ ներսից գալ ու խոպանչիություն անել։
Քաղաքական խոպանչիներ են Գեղամյանը, Խոսրովը, Արթուր Բաղդասարյանը և շատ ուրիշները։ 

2000 թվականին լրիվ անհայտ մեկը՝ Արկադի Վարդանյանը, Ռուսաստանից եկավ, փողով հանրահավաքներ կազմակերպեց և ժողովրդական դժգոհության ալիք բարձրացրեց։ Որևէ մեկին հայտնի չէին Վարդանյանի տեսակետները, բայց նա հավակնում էր ազգի առաջնորդի դերին։ Մարդը համարյա հեղափոխություն էր անում՝ իրականում լինելով Ռուսաստանում հաջողակ խոպանչի։

Հայաստանում քաղաքական խոպանչիությամբ է այժմ զբաղված Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ավելի ճիշտ, խոպանչիությունը նա վաղուց է սկսել։ «Հայրենասիրությունը» փեշակ դարձրած այս մարդը ոչ մի կոնկրետ «մեսիջ» չունի, որևէ մեկը չգիտի նրա պատկերացումները երկրի տնտեսության, կառավարման համակարգի և աշխարհայացքի մասին, բայց Րաֆֆին 90–ականներից քարշ է գալիս Հայոց քաղաքական դաշտում։ Սակայն ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը, և 2012–ի ընտրությունները վերջ կդնեն Արտաշես Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի ֆունկցիաներն այժմ մեկտեղած այս գործչի «քաղաքական» կարիերային։ Իսկ մինչև այդ եկեք տեսնենք, թե  բազմաչարչար և հազար ու մի հաճախորդ տեսած հայ ժողովրդի առջև ինչ «հագուկապով» է հանդես գալիս Րաֆֆին։

Ինչպես արդեն նշեցինցք, «ժառանգության» առաջնորդը կոնկրետ տեսակետներ չունի, կոնկրետ ասելիք չունի։ «Հայրենիք», «հայավայել», «հանգույն» և «հ» տառով սկսվող նման այլ ճաճանչափայլ բառերի հաճախակի օգտագործումը դեռ տեսակետ չէ։

Ինչպես կյանքը ցույց տվեց, Րաֆֆին կարող է ծայրահեղ ազգայնականից մինչև ծայրահեղ քիրվա տարբերակով հանդես գալ. կայունություն չկա։ Նույնիսկ արտաքին տեսքի հարցում նա կտրուկ տրանսֆորմացիաների կողմնակից է և փաստացի առաջնորդվում է «Հավատանք, որ փոխենք» սկզբունքով։

Գեր մարդիկ ձգտում են նիհարել և այդ առումով Րաֆֆիի կամքի ուժն արժանի է գովեստի, բայց երբ նա հասուն տարիքում փոխում է բեղավորի իմիջն անբեղ տարբերակի հետ, ապա այստեղ խոսք ունեն ասելու հոգեբանները։ Նման կերպարանափոխություններ, որպես կանոն, անում են այն մարդիկ, ովքեր կա՛մ գողության են գնում (տվյալ դեպքում ձայն գողանալու), կա՛մ սեփական «ես»–ի տենդագին փնտրտուքների մեջ են։ Րաֆֆիի դեպքում, թերևս, երկու գործոնն էլ առկա է, քանզի նա այժմ փորձում է ձայներ փախցնել ԲՀԿ–ից, ՀՅԴ–ից ու ՀԱԿ–ից և բացի այդ՝ չի կողմնորոշվում իր քաղաքական վարքագծի հարցում (ստորագրել և միանալ միասնական շտաբին, իսկ հետո նախագահականի հրահանգով բոյկոտել նույն շտաբի աշխատանքները)։  

Սրանից–նրանից ձայն փախցնելու համար Րաֆֆին «զգեստափոխվում» է հայտնի հեքիաթի հերոսի պես։ Նրա տեսահոլովակները և վարքաբանությունն ուղղված են բոլորին և միևնույն ժամանակ ոչ մեկին։ Արդյունքում ստացվում է շիլաշփոթ։

Ավելի առարկայորեն ներկայացնելու համար մեր հերոսի հակասականությունը՝ դիտարկենք մի քանի երևույթներ։

Այսպես, եթե դուք Արևմտյան Հայաստան եք պահանջում, ապա «Սարերի քամի» երգը և Րաֆֆիի «բոյեվիկ» հայացքն ուղղված Մասիս սարին ձեզ պետք է համոզի, որ «կինոյի մեջի տղան» հենց ինքն է։ Իսկ եթե դուք ավելի շատ հակված եք «ֆուտբոլային» դիվանագիտության կողմը, ապա հանգիստ սրտով Րաֆֆիին համարեք ձեր մարդը, քանզի նա իր ցուցակում տեղավորել է Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» մոլի ջատագովների, այսինքն՝ իրականում Րաֆֆին քիրվայության, այլ ոչ թե պահանջատիրության կողմնակից է։

Եթե դուք ուզում եք ԼՂՀ–ն այսօրվա տարածքով ճանաչել անկախ պետություն, ապա «Ժառանգությունը» ձեր նախընտրած կուսակցությունն է, բայց հիշեք, որ Րաֆֆին 2008–ին կանգնեց նախագահի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի կողքը, ով ճիշտ հակառակ պատկերացումներն ունի ԼՂՀ խնդրի կարգավորման առումով։ Այնպես որ դժվար է ասել, թե ո՞րն է «ժառանգության» հստակ տեսակետը Ղարաբաղի հարցում։ Այդպիսի տեսակետ պարզապես գոյություն չունի. ամեն ինչ հարմարեցվում է տվյալ պահի քաղաքական կոնյունկտուրային։

Անցնենք առաջ։

Եթե դուք պարզունակ կոդերով արևմտամետ եք և ուզում եք գունավոր հեղափոխության օգնությամբ փոխել այս իշխանությունը, ապա «ժառանգության» նարնջագույն «շարֆերը» ձեզ պետք է հուշեն, որ ի դեմս Րաֆֆիի գործ ունեք հայկական Յուշչենկոյի հետ։ Իսկ եթե դուք իշխանամետ եք և զզվում եք գունավոր հեղափոխություններից, ապա անհոգ եղեք՝ Րաֆֆին իրականում ոչ մի գունավոր հեղափոխություն էլ չի ուզում. նարնջագույն «շարֆերը» սովորական «կտեր» տալու համար են։ Հեղափոխության միջոցով իշխանափոխության գնացողը սեփական կուսակցության ցուցակը չէր ճշտի նախագահականի հետ, ցուցակում այդ չէր ընդգրկի նախագահականի մարդկանց, ընտրահանձնաժողովի տեղերը «տեխնիկական վրիպակի» պատճառով չէր տա ՀՀԿ–ին, դեմ չէր արտահայտվի «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափին, ընտրարշավի ռեսուրսները չէր հայթայթի Բաղրամյան փողոցում ու կպայքարեր Սերժ Սարգսյանի՛ թիմի, այլ ոչ թե Ընտրությունների վերահսկման միասնական շտաբում ընդգրկված կուսակցությունների դեմ։

Եթե դուք պարզունակ ռուսամետ եք, ապա Րաֆֆին հատուկ ձեզ համար սովորել և խոսքի մեջ երբեմն օգտագործում է ռուսական բառեր («դոստուպ», «դաբրո» և այլն), որպեսզի դուք «սվոյ» ընկալեք «ամերիկացուն»։ Իսկ եթե դուք իռացիոնալ ձևով զզվում եք ռուսներից, ապա իմացեք, որ Րաֆֆին, ռուսերեն բառեր օգտագործելով, ընդամենը «մուտիտ» է անում, քանզի ինքն այնքան ամերիկամետ է, որ կուսակցության գովազդային պաստառի վրա գրված «Միասին սարեր ենք շարժելու» կարգախոսի կողքին դրա անգլերեն տարբերակն էլ է գրել («We will move montains»), դե իսկ գունավոր «շարֆերն» էլ ձեզ «փեշքաշ»։ Ի դեպ, զարմանալի է, որ պաստառի վրա այդ կարգախոսի ֆրանսերեն, չինարեն, ռուսերեն ու, ասենք, վրացերեն տարբերակները չկան գրված. դա Րաֆֆիից չէ։  

Հաջորդը։

Եթե դուք Հայաստանի զարգացումը տեսնում եք «երեք նախագահների եռանկյունուց դուրս» սխեմայով, ապա Րաֆֆին կարող է ձեր պատկերացրած չորրորդը լինել։ Իսկ եթե դուք այնուամենայնիվ երեք նախագահների եռանկյունու մեջ եք տեսնում իրական քաղաքական գործընթացները, ապա «Ժառանգության» առաջնորդից մի խրտնեք, քանի որ նա ոչ թե «երեքից դուրս» է գործում, այլ լրիվ տեղավորվել է երրորդ նախագահի դաշտում և պայքարում է առաջինի ու երկրորդի դեմ։

Գանք «էսթետիկական» հարցերին։

Դուք սիրում եք որակով հեղինակային երգերի կատարումներ և զզվում եք ռաբիսի՞ց։ Շատ լավ, Րաֆֆին ձեզ առաջարկում է Ռուբեն Հախվերդյան։ Իսկ եթե դուք այդուհանդերձ ռաբիս եք ու «քիչիգ մը քյարթու», ապա իմացած եղեք, որ Ձախ Հարութն է իրականում Րաֆֆիի երաժշտական ճաշակի գագաթնակետը, այլապես նա կուսակցության գովազդային տեսահոլովակում ականջ ծակող զուռնա–դհոլը հուպ չէր տա և սարերի ֆոնին անկանոն պարային շարժումներ չէր անի։

Եվ վերջապես, եթե ձեզ դուր են գալիս չաղ ու մի քիչ անբախտ քաղաքական գործիչները, ովքեր բացի այդ նաև բեղավոր են, ապա «Ժառանգության» տեսահոլովակներում դուք լիքը կադրեր կգտնեք, որտեղ Րաֆֆին հենց այդպիսի տեսք ունի։ Իսկ եթե քաղաքական գործիչներին ընտրելիս դուք առաջնորդվում եք «կարևորը նիհար լինի ու անբեղ» հայեցակարգով, ապա Րաֆֆին կրկին ձեր թեկնածուն է։

Մի խոսքով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի փոքրաթիվ կողմնակիցներն իրենց տանջում են՝ հասկանալու համար, թե իրականում ով է իրենց ընտրյալը, ապա ասեմ, որ դա անհույս գործ է։ Րաֆֆին ծովից–ծով Հայաստան պահանջելուց մինչև «Երևանը Բաքվին պատկանող «Էրիվանի խանություն»» մտածողության տիրույթում կարող է գործել։ Նա ո՛չ հայաստանամետ է, ո՛չ հայաստանատյաց, ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ է, ո՛չ թուրքամետ է, ո՛չ էլ թուրքատյաց։ Նա Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Նրա հավատամքը օստապբենդերությունն է։

Ով համաձայն չէ այս գնահատականներիս հետ, թող Րաֆֆիի կողմից հղված կոնկրետ «մեսիջներ» ցույց տա, և ես նրան անմիջապես ճիշտ հակառակ «մեսիջներ» կամ գործողություններ ցույց կտամ նույն Րաֆֆիի կատարմամբ։

Րաֆֆին իր «փուչիկը» փչել է տարիներ շարունակ։ Բայց կա «փուչիկը» փչելու և «փուչիկը» պայթեցնելու ժամանակը։ 

Հիշե՛ք. Րաֆֆի Հովհաննիսյանը մի սկզբունք ունի, այն է՝ «Հոպլյա՝ «А теперь я Наташа»»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը