Լրահոս

26.04.2012 12:24


Գյումրիում հազարավոր ընտանիքներ բնակվում են խոնավ տնակներում

Գյումրիում հազարավոր ընտանիքներ բնակվում են խոնավ տնակներում

Գյումրիում դեռևս 6500 ընտանիք ապրում է ժամանակավոր վագոն-տնակներում, որոնց կեսից ավելին` մոտ 3500-ը, չեն համարվում երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձած ընտանիքներ, ուստի Հայաստանում գործող օրենսդրության համաձայն նրանք պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Առավել անմխիթար վիճակում են գտնվում բազմանդամ ընտանիքները:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2010-2011 թթ. կատարած հետազոտությունների արդյունքներով Հայաստանում աղքատության, արտագաղթի, անօթևանության և գործազրկության ամենաբարձր  ցուցանիշները գրանցվել են Շիրակի մարզում:

Շիրակի մարզում աղքատությունը կազմում է 47.2%, Հայաստանում միջին աղքատությունը 34.1% է: Առավել անմխիթար է երեխաների աղքատության վիճակը: ՀՀ վիճակագրական ծառայության «Աղքատությունը և Սոցիալական Պատկերը» 2011 թ. զեկույցի համաձայն 2010 թ. դրությամբ Հայաստանում ավելի քան 300.000 երեխաներ կամ 41.4% ապրում է աղքատության մեջ` ամբողջ բնակչության 35.8% համեմատ։ Համաձայն  նույն զեկույցի 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներն ամենաաղքատն են։

Գյումրիում ծայրահեղ աղքատության և մասսայական գործազրկության պայամաններում պարզապես անհնարին է, որ հատկապես բազմանդամ անօթևան ընտանիքները կարողանան ինքնուրույն բարելավել իրենց բնակարանային պայմանները: Եվ հազարավոր անօթևան ընտանիքներ ապրում են խոնավ և վաղուց շարքից դուրս եկած տնակներում` կորցրած երբևէ բարեկեցիկ պայմաններում  ապրելու հույսը:

Գյումրու Մանուշյան 230/118 տնակը ևս խոնավ ու պաղ է, որտեղ բնակվում է Խաչատրյանների 6 անձից բաղկացած ընտանիքը: Այս ընտանիքի երկու որդիները ծառայում են ազգային բանակում, իսկ 2-ը անչափահաս են:

Նրանց տնակ մտնելուն պես զգացվում է խոնավության շունչը, ընտանիքի մայրը` Աշխեն Խաչատրյանը, ասում է. «Կապրեինք մի կերպ, գոնե խոնավ ու թաց չլիներ»:

 Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսանյութում  http://youtu.be/kGUFWLxhjq0

Այս խորագրի վերջին նյութերը