Հարցազրույց

28.04.2012 13:54


Սպարտակ Սեյրանյան

Սպարտակ Սեյրանյան

Հարցազրույց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավն ընդհանրապես։

–Բոլոր կուսակցությունների քարոզարշավը ես չեմ կարող գնահատել, քանի որ դա կոռեկտ չեմ համարում, ես կարող եմ կարծիքներ հայտնել, գնահատականներ տալ բացառապես մեր կուսակցության քարոզարշավի մասին։ Մեր քարոզարշավը գնահատում եմ բովանդակալից, ակտիվ, նորարարական։

–ՀՅ Դաշնակցությունը հանդիպումներ է ունենում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նրանց հատկապես ի՞նչ խնդիրներ են հուզում և ի՞նչ ակնկալիքներ ունեն առաջիկա ընտրություններից։

–Ամենատարբեր ֆորմատի հանդիպումներ են, նայած թե տվյալ հանդիպումն ում հետ է։ Այս ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, որոնց մի մասը ավելի շատ հետաքրքրված էին ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործմամբ։ Բնականաբար, նրանց շեշտադրումները և հարցերը, որոնք մենք հանդիպումների ժամանակ քննարկում էինք, ուղղված էին պետաիրավական բարեփոխումներին, ժողովրդավարության խորացմանը և այլն։ Հանդիպել ենք կրթության, մշակույթի ոլորտներում գործող մի շարք կազմակերպությունների և բարեգործական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք էլ հետաքրքրված էին, թե կոնկրետ մեր նախընտրական ծրագրի համապատասխան բաժինները ի՞նչ առաջարկներ են ներկայացնում, ի՞նչ մոտեցումներ ունենք մենք։ Իրենք էլ իրենց կողմից էին առաջարկում նոր խորհրդարանում ընտրություններից հետո Դաշնակցության խմբակցության հետ համագործակցել գործող օրենքներում որոշակի փոփոխություններ մտցնելու կամ որակապես նոր օրենքներ ընդունելու առումով։

–Այս խորհրդարանական ընտրություններում իշխանությանը կհաջողվի՞ ընտրակեղծիքներ իրականացնել։

–Ես գուշակություններ չեմ անում, ես ունեմ մի համոզմունք, որ որևէ մեկի կողմից ընտրակեղծիքներ անել–չանելու հնարավորությունը կախված է նրանից, թե քաղաքական գործընթացի մասնակցող բոլոր քաղաքական ուժերն ի՞նչ չափով կպայքարեն ընտրակեղծիքների դեմ և ամենակարևորը՝ մեր շարքային քաղաքացիները, մեր ընտրողները ընտրակեղծիքներին մասնակից կդառնա՞ն, թե՞ ոչ։

–Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի անդամ կուսակցությունները՝ ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը, կկարողանա՞ն պահպանել իրենց ձայները և ինչպե՞ս են դա անելու։

 –Պետք է անեն ամենինչ, որ պահպանեն իրենց ձայները. կկարողանան, թե ոչ՝ ցույց կտա գործընթացը։

Հարցազրույցը վարեց Նարեկ Սանթուրյանը

Այս խորագրի վերջին նյութերը