Լրահոս

22.05.2009 16:17


Հովիկ Աբրահամյան. «Խորվաթիան հարազատ է Հայաստանին իր պատմությամբ եւ հավատարմությամբ քրիստոնյա արժեքներին»

Հովիկ Աբրահամյան. «Խորվաթիան հարազատ է Հայաստանին իր պատմությամբ եւ հավատարմությամբ քրիստոնյա արժեքներին»

Մայիսի 22-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ: Հանդիպմանը նաև մասնակցեցին ԱԺ նախագահի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները և խմբակցությունների ղեկավարները:
Ողջունելով Խորվաթիայի նախագահին ԱԺ հարկի տակ՝ Հ.Աբրահամյանը կարևորեց Խորվաթիայի հետ հարաբերությունների խորացումը և զարգացումը, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում: Նա նշեց, որ Խորվաթիան հարազատ է Հայաստանին իր պատմությամբ և հավատարմությամբ քրիստոնյա արժեքներին:

Զրուցակիցները կարևորեցին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերը: Նրանք համաձայնեցին, որ Հայաստանում և Խորվաթիայում բարեկամության պատգամավորական խմբերի ստեղծումը կարող է նպաստել երկու երկրների միջև շփումների զարգացմանը: Կողմերը նաև արծարծեցին երկու երկրների միջև առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրա ազդեցությանը երկու երկրների վրա:

Հայաստանի խորհրդարանի նախագահը նաև կարևորեց Խորվաթիայի հաջողությունները եվրոպական չափանիշներին այդ երկիրը   համապատասխանեցնելու գործում: Նա Խորվաթիայի նախագահին հայտնեց հայկական կողմի շահագրգռությունն այդ փորձն ուսումնասիրելու հարցում:

Զրույցի  ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Խորվաթիայի համագործակցությանը վերաբերող մի  շարք հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը