Լրահոս

22.05.2009 16:36


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին

Ծննդյան 85-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ Շառլ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուրախ եմ, որ այս գեղեցիկ հոբելյանը նշեցինք միասին՝ Ձեր նախնիների հայրենիքում: Սա Հայաստանի ժողովրդի համար Ձեր ներկայությունը վայելելու հրաշալի առիթ էր:
Տասնամյակներ շարունակ Ձեր մասին հնչել են և շարունակում են հնչել գովեստի խոսքեր, Ձեր բացառիկ ստեղծագործություններն ուղեկցվում են հիացմունքի ծափերով: Դժվար է նոր խոսք ասել կամ նոր գնահատական տալ: Ակնհայտ է, որ Ձեր երաժշտությունը, երգը և ընդհանրապես արվեստագետի, արտիստի Ձեր ողջ կերպարը սիրելի ու հարազատ են դարձել աշխարհի բոլոր անկյուններում:
Մեզ համար պատիվ է, որ Ձեր մեծ հեղինակությունն ի սպաս եք դրել նաև մեր երկրի արտաքին քաղաքական շահերին՝ ստանձնելով Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը: Հայրենիքին բոլոր հնարավոր միջոցներով և ամենատարբեր ասպարեզներում օգտակար լինելու Ձեր մշտական պատրաստակամությունը հենց այն կեցվածքն է, որն իսկապես վայել է մոլորակի ամենահռչակավոր հային:
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ. եռանդ, որը Դուք ողջ կյանքում ծառայեցրել եք բարուն, գեղեցիկին ու Ձեր երկու հայրենիքներին՝ Ֆրանսիային և Հայաստանին»:

Այս խորագրի վերջին նյութերը