Լրահոս

22.05.2009 19:32


«Նոր Հայաստան» ՀԿ–ի նամակը՝ ՀՀ արտգործնախարարին

Հարգելի պարոն նախարար

Դիտարկելով ՀՀ արտաքին քաղաքականության վերջին մեկ տարվա ընթացքը, ապրիլյան հայտնի (և, միաժամանակ, անհայտ) հայտարարության արդյունքում ստեղծված խուճապը՝ և՛ Հայաստանում, և՛ սփուռքում, ժողովրդի անվստահությունը արտաքին քաղաքականության հիմնական դերակատարների հանդեպ և այլ նման հանգամանքները՝ մենք, մասնավորապես, մտահոգված ենք, որ.

Ադրբեջանի, Թուրքիայի և նույնիսկ միջազգային համայնքի կողմից հնչեցվող հայտարարությունները խիստ վտանգավոր են և հակասում են Հայաստանի ղեկավարության ոգևորված պնդումներին, ընդ որում, և ոչ մի հայտարարությունը չի ստանում արժանի հակահարված.

Խիստ նվազել է Հայաստանի վարկանիշը արտաքին աշխարհում և համասփյուռ հայության շրջանում, հայոց ազգային ինքնությանը ծանր վնաս է հասցրել «ֆուտբոլային դիվանագիտության» ստորացուցիչ ընթացքը և ազգային խնդրո առարկա՝ Հայ Դատի, ոտնահարումը:

Հաշվի առնելով վերջին շրջանում մի շարք քաղաքական գործիչների և ոլորտի մասնագետների ԶԼՄ-ներով հրապարակվող բազում համահունչ կարծիքները՝ մենք անիմաստ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ գործընթացների մանրամասներին, որոնք և ցույց են տալիս վարվող արտաքին քաղաքականության թերությունները, սակայն գնահատում ենք այն որպես չհամակարգված, չմշակված և, փաստացի, ապազգային և վտանգող Հայոց Ազգային անվտանգությունը:

Մենք, որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ և պարզապես հայ քաղաքացի, խիստ անհանգստացած ենք ՀՀ իշխանությունների կողմից պահպանվող լռությամբ և գործընթացների ոչ թափանցիկությամբ, ինչպես նաև, որպես Հայ ազգի զավակներ, ստրկացուցիչ ենք համարում վարվող արտաքին քաղաքականությունը:

Դիմելով Ձեզ թե՛ որպես նախարարի և թե՛ որպես մեր ազգի ներկայացուցչի, վկայակոչելով Հայոց Մեծն նախնիներին և Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝ կոչ ենք անում դադարեցնել սեփական ազգի հանդեպ Ձեր կողմից տարվող կործանարար քաղաքականությունը և անհապաղ հրաժարվել ստանձնած պաշտոնից:

Կենտրոնի նախագահ

Էլեոնորա Մանանդյան

Այս խորագրի վերջին նյութերը