Լրահոս

04.05.2012 15:29


Միասնական շտաբն արձագանքներ է ստանում նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներից

Միասնական շտաբն արձագանքներ է ստանում նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներից

Հանրային վերահսկողության միասնական նախընտրական շտաբի նիստի ընթացքում ՀՅԴ  ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրել է այն դրական արդյունքները, որոնց հասել է շտաբը։ Արմեն Ռուստամյանն ասել է, որ փորձելով վերահսկողության գործիքներն ավելացնել՝ շտաբի անդամ ուժերը ստիպել են նաև իշխանությանը որոշ քայլեր կատարել այդ ուղղությանբ։

–Կարողացանք ստանալ այն համակարգը, որը քաղաքացիների ելքի ու մուտքի տվյալներն է տրամադրում. համատեղ հայտարարել ենք այդ մասին։ Հիմա մեր ներկայացուցիչները աշխատելու են այդ ՍԵԿՏ կոչվող համակարգով, որ ճշտենք՝ արդյոք այդ անձինք, որոնք եկել քվեարկել են, Հայաստանում եղե՞լ են, թե՞ ոչ։  Եթե մարդը ընտրություններից 1–2 օր կամ 10 տարի առաջ Հայաստանից հեռացել է, բնականաբար, ինքը չէր կարող քվեարկել։

Արմեն Ռուստամյանն ասել է, որ շտաբն արդեն իսկ արձագանքներ է ստանում արտերկրում ապրող մեր քաղաքացիների կողմից։

–Դուք գիտեք, որ մենք աշխատացնում ենք նաև «Քվեն ուժ է» կայքը, և շատ հետաքրքիր կերպով մի ընտանիք արձագանքեց Պրահայից՝ ասելով, որ իրենք իրենց անուններն են գտել ընտրացուցակներում, բայց հայտարարում են, որ ընտրությունների օրն իրենք Հայաստանում չեն լինելու, և խնդրել են հետևել, որ իրենց տեղը չքվեարկեն։ Շատ լավ քաղաքացիական ակտիվության օրինակ է, և այդ կոչը մենք տարածեցինք, ու մարդիկ տասնյակներով դիմում են՝ անհատներ, քաղաքացիներ, որոնք նշում են, որ իրենք կան ցուցակներում, բայց գտնվում են Ֆրանսիայում, Բելգիայում, Ամերիկայում և այլն,–ասել է Արմեն Ռուստամյանը։

ՀՅԴ ներկայացուցիչն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը կարող է հետագայում նույնպես օգտագործվել, և արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները կարող են օգնել, որպեսզի քաղաքական ուժերը պաշտպանեն իրենց ընտրության իրավունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը