Լրահոս

05.05.2012 16:43


«Հայաստանն առանց ընտրակեղծիքների». ամփոփիչ արձանագրություն

«Հայաստանն առանց ընտրակեղծիքների». ամփոփիչ արձանագրություն

Վաղը տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները: “Հայաստանն առանց ընտրակեղծիքների” քաղաքացիական նախաձեռնությունն ավելի քան երկու ամիս մի շարք քայլեր իրականացրեց ազատ, արդար եւ առանց ընտրակեղծիքների գործում իր լուման ներդնելու համար: Սոցիալական ցանցերում ծավալված շահագրգիռ քննարկումներից հետո կարճ ժամանակահատվածում խումբը ձեռք բերեց ավելի քան 4 հազար անդամ:

Տպագրվեցին եւ տարածվեցին հատուկ հուշաթերթիկներ, որոնց նպատակն ընտրողներին  իրենց իրավունքների մասին տեղեկացումն էր: Նախաձեռնության ջանքերով ստեղծվեց “Finder”(Փնտրող) համակարգչային ծրագիրը, որը հնարավորություն տվեց ընտրողների բազայից ստանալ համակարգված տեղեկություններ եւ հեշտությամբ հայտնաբերել բազմաթիվ գրանցվածներով  հասցեներ, “00 00” ծննդյան տարեթվերով, ինչպես նաեւ կրկնվող անուն, ազգանուն, հայրանունով ընտրողներ: Այս ծրագրի շնորհիվ հայտնաբերվեցին հարյուրավոր կասկածելի հասցեներ և գրանցվածներ: Բոլոր տվյալները եւ ահազանգերը հրապարակվեցին մամուլում և ներկայացվեցին դիտորդական առաքելություններին, իրավապահ մարմիններին, այլ շահագրգիռ կառույցներին:

Այսօր մենք ընտրելու իրավունք ունեցող մեր համերկրացիներին կոչ ենք անում անպայման մասնակցել քվեարկությանը: Ակտիվ մասնակցությունը ամենակարճ ճանապարհն է ընտրակեղծքիների դեմն առնելու համար:

Ուշադրություն. առավել հնարավոր ընտրակեղծիքների տարբերակներն են.

Ա. Լրացուցիչ  ընտրացուցակների հաշվին կրկնակի կամ բազմակի քվեարկությունները

 Բ. Բանակի ստորաբաժանումների կրկնակի կամ բազմակի քվեարկությունները, ինչպես նաև հրամանատարական կազմի հրամանով քվեարկությունները:

Գ. Ընտրողներին կարող են վախեցնել, ասելով, թե կստուգեն ով ինչպես է քվեարկել: Հիշեք եւ փոխանցեք բոլորին. Որեւէ մեկը չի կարող պարզել, թե այս կամ այն ընտրողն ում օգտին է քվեարկել:

 

Առ այս պահը անպատասխան է մնացել մեր պահանջը ՀՀ իշխանություններից եւ ԱԱԾ-ից հրապարակել մայիս 3-4-5 հայ-վրացական սահմանը հատած քաղաքացիների ընդհանուր թիվը եւ անձնագրային տվյալները: Բազմաթիվ ականատեսների վկայությամբ, մայիսի 4-ին Ջավախքից դեպի Երեւան է շարժվել ավտոբուսներից եւ միկորավտոբուսներից բաղկացած մեծ շարասյուն: Առկա է հստակ մտավախություն, որ այդ անձինք Հայաստան են բերվել երկրորդ, հետեւաբար անօրինական, հայկական անձնագրերով  քվեարկությանը մասնակցելու համար:

Առ այս պահը իշխանություններն անպատասխան են թողել մեր հարցադրումը կապված 27 հազար ապօրինի անձնագրերի հետ, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, հայտնվել են ընտրակեղծարարների ձեռքում: Հիշեցնենք, որ անօրինական գործարքների հետեւանքով, ըստ մեզ հասած ահազանգերի, եվրոպական երկրներից վերջին երկու տարում արտաքսվել է 30 հազար ՀՀ քաղաքացի, որոնցից 27 հազարն անօրինական գործարքների արդյունքում ստացել են նոր անձնագրեր, որտեղ իրենց անունը կամ ազգանունն աննշան փոփոխման է ենթարկվել, իսկ իրենց հին անձնագրերը հիմա կարող են օգտագործվել ընտրակեղծարարների կողմից:

2007 թվականի ԱԺ ընտրություններին, ըստ պաշտոնական տեղեկատվության, մասնակցել է 1 մլն. 392 հազ. 285 ընտրող:  2012 թվականի մայիսի 6-ին ընտրություններին այս թվից էական շեղումները խոր կասկածի առիթ կհանդիսանան եւ կստվերեն ընտրությունները: Այս պնդման հիմքում դրվում է նաեւ պաշտոնական տեղեկությունն այն մասին, որ վերջին չորս տարվա ընթացքում բնակչության թիվը կրճատվել է:

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս վայրկյանների ընթացքում արձանագրել եւ լրատվամիջոցներով  տարածել ընտրակեղծիքի յուրաքանչյուր դեպք:

Մենք կոչ ենք անում արձանագրել յուրաքանչյուր ընտրակեղծիք եւ ընտրախախտում եւ այդ մասին տեղեկացնել դիտորդական առաքելություններին, ԿԸՀ-ին, Հանրային վերահսկողության միասնական նախընտրական շտաբին, ինչպես նաեւ ոստիկանությանը: Մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե վաղն ինչ երկում մենք կապրենք:

«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնությությունը շարունակելու է աչալրջորեն հետեւել ընտրական գործընթացներին, օգտագործելու է օրենքի սահմաններում բոլոր հնարավորությունները` նկարահանելու, գրանցելու եւ հանրությանը ներկայացնելու ընտրախախտումները, ընտրակեղծիքները: Մեր ակտիվիստները արձագանքելու են բոլոր ահազանգերին, դրանց մասին տեղեկացնելով իրավապահ մարմիններին, դիտորդական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին:

  «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնություն      

Այս խորագրի վերջին նյութերը