Լրահոս

05.05.2012 20:44


Սահմանադրական դատարանը մերժել է միասնական շտաբի դիմումը

Սահմանադրական դատարանը մերժել է միասնական շտաբի դիմումը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, ՀՀ սահմանադրական դատարանը փաստեց, որ տվյալ հարցի առնչությամբ բազմիցս հստակ դիրքորոշում են արտահայտել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը, որոնց կողմից են մշակվել այս ոլորտին առնչվող եվրոպական հիմնական չափորոշիչները։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ խնդրի լուծումը փնտրվում է ոչ թե տեղեկատվության ազատության իրավունքի բացարձակեցման, այլ դրա իրավաչափ սահմանափակման ու նաեւ այլոց իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման համատեքստում։

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. ցուցումներ եւ բացատրական զեկույց» 30.10.2002թ. (CDL-AD (2002) 23) փաստաթղթի 4-րդ կետի /գաղտնի ընտրական իրավունք /c/-րդ ենթակետում շեշտվում է. որ «Փաստացի քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի», իսկ Բացատրական զեկույցի 54-րդ կետում պարզաբանվում է. «...քանի որ քվեարկության չմասնակցելը կարող է վկայել քաղաքական ընտրության մասին, ապա քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի»։ Այդ փաստաթուղթը նախ ընդունվել է Եվրախորհրդի ժողովրդավարական ընտրությունների խորհրդի կողմից, հետագայում հաստատվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2003 թվականի հունվարի 30-ի 1320 (2003) բանաձեւով եւ հավանության է արժանացել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի մայիսի 13-ի 114-րդ նիստում ընդունված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագրքի մասին» հռչակագրով՝ գնահատելով դրանում ամրագրված ցուցումները որպես եվրոպական ընտրական ժառանգության հիմնարար սկզբունքների արտացոլում։

Նշված մոտեցումներն իրավաչափ, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին ու ՀՀ Սահմանադրությանը համահունչ համարելով հանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ սահմանադրաիրավական առումով «հրապարակման ենթակա չեն» կամ «չպետք է հրապարակվի» արտահայտությունները չեն կարող այնպիսի տարածական մեկնաբանություն ստանալ, որ խոչընդոտվի ազատ ընտրությունը կամ արգելափակվի ընտրողների ստորագրած ցուցակների ուսումնասիրության հնարավորությունը՝ ընտրական իրավունքի պաշտպանության համատեքստում, ինչպես նաեւ դրանց չհրապարակման սահմանափակումը որեւէ կերպ տարածվի նման տեղեկությունները դատարաններին տրամադրելու վրա։ ՀՀ ՍԴ-ն գտել է, որ վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ օրենսգրքում ամրագրված եւ իր որոշման մեջ ներկայացված սահմանադրաիրավական բովանդակությամբ։ Վերջինս ենթադրում է, որ դրանք չեն կարող մեկնաբանվել որպես ընտրական իրավունքի սահմանափակում ու գործնականում արգելափակել ընտրախախտումների բացահայտման առնչությամբ ցանկացած իրավաչափ գործողության կատարման ընթացքում ընտրական գործընթացն օրենքով սահմանված կարգով վերահսկող իրավասուբյեկտների համար ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը՝ որպես ընտրական իրավունքի պաշտպանության, այդ թվում՝ դատական կարգով, անհրաժեշտ երաշխիք։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն
05.05.2012թ.

Այս խորագրի վերջին նյութերը