Լրահոս

09.05.2012 10:35


Ստորագրահավաք՝ Մհեր Ենոքյանի գործի վերաբացման համար

Ստորագրահավաք՝ Մհեր Ենոքյանի գործի վերաբացման համար

Մայիսի 10–ին՝ ժամը 17:30–ից 19:00–ն, Մաշտոցի պուրակում ստորագրահավաք է տեղի ունենալու Մհեր Ենոքյանի գործի վերաբացման համար։ Դիմումի տեքստում մասնավորապես ասված է.

 

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,

ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանին,

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին,

Վճռաբեկ դատարանի նախագահ 

Արման Մկրտումյանին`

հասարակական կազմակերպություններից

և մի խումբ մտավորականներից ու քաղաքացիներից 

Դ Ի Մ ՈՒ Մ

Մենք` ներքոստորագրյալներս, դիմում ենք Ձեզ`մեկ մարդու ճակատագրով մտահոգ: Խոսքը 1996 թ-ին մահապատժի /2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման/ դատապարտված Մհեր Դավթի Ենոքյանի մասին է, ում մասին տեղեկացել ենք մամուլում ու համացանցում պարբերաբար տպագրվող հոդվածներից ու պատմվածքներից: Վերջերս էլ տպագրվեց ցմահ դատապարտյալի <Ես զրուցում եմ քեզ հետ` Մարդ> գիրքը, որի վաճառքից ստացված գումարը Ենոքյանի ցանկությամբ և նրա անունից հարազատները փոխանցում են քաղցկեղով հիվանդ երկու երեխաների հաշվեհամարներին: 

Նշենք, որ մենք, դարձյալ նույն մարդու ճակատագրով մտահոգ, մի քանի անգամ բազմաթիվ ստորագրություններով դիմում-խնդրանքներ ենք ուղղել ՀՀ նախագահի նստավայր, Գլխավոր դատախազին, Արդարադատության նախարարին, նաև ՀՀ Վճռաբեկ դատարան: Հաշվի առնելով, որ Ենոքյանը դատապարտման ժամանակ եղել է 20 տարեկան, նախկինում դատված չի եղել, ուսանել է ԲՈՒՀ-ում, բացի այդ տարբեր տարիների փաստաբանական տեղեկանքները վկայում են գործի հապշտապ ու անկատար քննության մասին` մենք խնդրել ենք ներում շնորհել Մհեր Ենոքյանին կամ թե ընձեռել պատժաչափի վերանայման հնարավորություն: 

Բժիշկների ընտանիքի զավակ Մհեր Ենոքյանը ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում: 3-րդ կուրսում`20 տարեկանում մեղադրվել է մեկ անձի`համակուրսեցու սպանության մեջ` դատապարտվելով գնդակահարության /նախկին Քր.Օր. 99-րդ հոդված 1-ին և 6-րդ կետեր /: Նախկինում դատվածություն չի ունեցել: Ո՛չ դատարանում, ո՛չ էլ մինչ օրս Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել`պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի նախաքննության ընթացքում տված պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամը ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն: Դատապարտվել է նույն հոդվածով` 99-րդի 1-ին և 6-րդ կետերով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանը մեկ տարի է արդեն ազատության մեջ է:

16 տարի Ենոքյանն ու իր ընտանիքը պայքարել է գործի վերաբացման համար` նշելով, որ քր. գործը կազմում է ընդամենը 3 հատոր, որից մեկը միայն դատարանի վրա անմիջական ճնշումներով գրություններ է պարունակում, որ ընդամենը 4 ամսում /ներառյալ նախաքննությունը/ դատավարությունը ավարտվել է, որ քննությունը կատարվել է անհասկանալի շտապողականությամբ:

Չստանալով որևէ հուսադրող պատասխան` Մհերը ՔԿՀ-ներից երկու անգամ դիմել է փախուստի 2004 և 2009 թթ.-ին: Ընդհանուր առմամբ 32 օր մնալով ազատության մեջ` չի կատարել և ոչ մի հանցավոր արարք: ՀՀ բոլոր նախագահներին ուղղված տասնյակ դիմումների պատասխանները ստացվել են մեկ մարմնից` Դատախազությունից, որտեղ նշված է եղել` անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ: Այսօր դրանք վերջապես երևան են եկել:

Այդ մասին տեղեկացանք Մհեր Ենոքյանի` պետական այրերին ու հանրությանն ուղղված վերջին դիմումից /<Հրապարակ> 20.04.2012 /, որտեղ նա նշում է, որ իր փաստաբանի ջանքերով քրեական գործում երևան են եկել նոր հանգամանքներ, որ ողջ փաթեթը, օրենքով սահմանված կարգով, ուղարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան ու Գլխավոր դատախազություն: Քաջ գիտակցում ենք, որ կա նաև տուժող կողմ, որ ողբերգության հետևանքով մարել է այդ ընտանիքի լույսը: Խոնհարվում ենք նրանց ցավի առջև: Բայց մենք դատավորներ չենք, մենք հասարակություն ենք, որ ցանկանում է արդար դատաքննություն: Եվ սա ամենևին մեկ անձի, միայն Մհեր Ենոքյանի խնդիրը չէ: Մենք պետք է վերջապես դառնանք հասարակություն, որտեղ մարդը բարձրագույն արժեք է:

Մենք` որպես հասարակական գործունեությամբ զբաղվող անձինք, արվեստագետներ, քաղաքացիներ պարտավոր ենք ինչ-որ կերպ մասնակից լինել, որպեսզի ողջ ճշմարտությունը բացահայտվի: Եվ եթե Մհեր Ենոքյանը մեղավոր է, ապա այդ մեղադրական փաստարկները պետք է բոլորիս համար համոզիչ լինեն: Մինչ օրս գործում չփարատված կասկածներ կան, և հանրությունը ցանկանում է գործի վերաբացման արդյունքում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: 

Մեծարգո ՀՀ նախագահ, հարգարժան բարձրաստիճան պաշտոնյաներ, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործում 16 տարի անց նոր երևան եկած հանգամանքների ընձեռած բացառիկ հնարավորության հիմքով խնդրում ենք գործի վերաբացման հնարավորություն տալ, որպեսզի կազմակերպվի նոր դատավարություն` արդար դատաքննության իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: 

Հարգանքով`

Հարգելի ՀԿ-ներ, մտավորականներ, արվեստագետներ, քաղաքացիներ, ոչ անտարբերներ խնդրում եմ արձագանքել, ով համամիտ է, թող դնի +1 նշանը ու գա Մաշտոցի պուրակ նշված օրը, նշված ժամին ֆիզիկապես իր ստորագրությունը դնելու համար: ՀԱՆՈՒՆ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ....»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը