Լրահոս

25.05.2009 13:56


Միջազգային խորհրդաժողով՝ նվիրված ՀՀ ՄԻՊ հաստատության 5–րդ տարեդարձին

Միջազգային խորհրդաժողով՝ նվիրված ՀՀ ՄԻՊ հաստատության 5–րդ տարեդարձին

Մայիսի 25-26-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը միջազգային մի շարք կազմակերպությունների համաֆինանսավորմամբ կազմակերպել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 5-րդ տարեդարձին նվիրված միջազգային խորհրդաժողով՝ «Արտահայտվելու ազատություն և արդար դատաքննության իրավունք» խորագրով։

Խորհրդաժողովին մասնակցում էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Ներկա էին նաև արտասահմանյան երկրների օմբուդսմեններ, մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։

Խորհրդաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տեղեկացրել է, որ 5 տարվա ընթացքում իրենց գրասենյակը ստացել է 23-24 հազար դիմում-բողոք, որոնցում քաղաքացիները հիմնականում բողոքել են անարդար դատաքննություն իրականացնելուց, սեփականության իրավունքների ոտնահարման վերաբերյալ հարցերով, ինչպես նաև քաղաքապետարանի, ոստիկանության և սոցիալական հիմնարկների աշխատանքից: Իր հիմնական խոչընդոտն Արմեն Հարությունյանը համարում է պաշտոնյաների հետ ունեցած տարաձայնություններն ու նրանց անտարբերությունը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ՄԻՊ հաստատությանը, ապա այն համեմատաբար երիտասարդ է և հաստատվել է 2008թ. ապրիլի 16-ին: Ղարաբաղի ՄԻՊ գրասենյակը, ըստ ԼՂՀ ՄԻՊ Յուրի Հայրապետյանի, նախորդ տարվա 7 ամսվա ընթացքում ստացել է 300 դիմում-բողոք, որոնք հիմնականում սոցիալական բնույթ են կրել։

Այս խորագրի վերջին նյութերը