Լրահոս

12.05.2012 13:17


Վրացի միլիարդատերը վաճառում է իր բոլոր ռուսական ակտիվները

Վրացի միլիարդատերը վաճառում է իր բոլոր ռուսական ակտիվները

«Ունիկոր» խումբը, որը կառավարում է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ռուսաստանյան ակտիվները, վաճառել է «Դոկտոր Ստոլետով» դեղատների ցանցը։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ գնորդը «Իմպերիա–Ֆարմա» ընկերությունն է, որի անունը կապվում է Ռուսաստանի Դաշնային խորհուրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի որդու՝ Սերգեյի հետ։ Գործարքի գինը կազմել է 60–70 մլն դոլար։

Ավելի վաղ Իվանիշվիլին ազատվել էր իր մեկ այլ ռուսաստանյան ակտիվից՝ «Ռուսական կրեդիտ» բանկից։ Բանկը մի խումբ ներդրողների է վաճառվել  352 մլն դոլարով։

Իվանիշվիլին հայտարարել է, որ մինչև մայիսի վերջը ազատվելու է ռուսաստանյան իր բոլոր ակտիվներից՝ «Ինտերֆին–կապիտալ» և «Ինտերֆին–թրեյդ» ֆինանսական ընկերություններից և գյուղատնտեսական «Ստոյլենսկայա նիվա» խմբից։

Բիձինա Իվանիշվիլին համարվում է Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնական ընդդիմախոսը։ Ապրիլին միլիարդատերը գրանցել է իր կուսակցությունը՝ «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան»։ Ֆորբս ամսագրի տվյալներով՝ Իվանիշվիլին համարվում է Վրաստանի ամենահարուստ մարդը՝ 6,4 մլրդ դոլարով։ 

Այս խորագրի վերջին նյութերը