Լրահոս

26.05.2009 13:51


Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպան Կնուտ Հոուգը (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դիվանագետին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ:
Երկրի ղեկավարի խոսքով՝ հայ ժողովուրդը Նորվեգիայի մասին իր պատկերացումները մեծապես կազմել է նաև մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի վեհ առաքելությամբ: Նախագահը միաժամանակ ասել է, որ մեր երկրում երախտագիտությամբ են հիշում և բարձր են գնահատում Նորվեգիայի ժողովրդի աջակցությունը 1988թ. երկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման գործընթացին: «Հայաստանում այսօր կա նորվեգական գյուղը, որը մեզ մշտապես հիշեցնում է այդ մեծ օգնության ու օժանդակության մասին»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Դեսպանն ասել է, որ Նորվեգիան ևս կարևորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը և պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը և դեսպան Հոուգը կարևորել են երկու երկրների ներուժի արդյունավետ օգտագործումը, քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների հետագա զարգացումը և համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Նորանշանակ դիվանագետը վստահեցրել է, որ կանի հնարավորն՝ առաջ մղելու երկու երկրների գործակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Դեսպան Հոուգն ասել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Նորվեգիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և գտնում է, որ բացառապես խաղաղ ճանապարհով ու հավասարակշիռ բանակցային գործընթացի միջոցով է միայն հնարավոր հասնել տևական խաղաղության:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային տարբեր կառույցներում Նորվեգիայի հավասարակշիռ վերաբերմունքը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը