Լրահոս

28.05.2009 15:33


«Արմենիա» առագաստանավը կլինի բոլոր այն վայրերում, որտեղ հայկական համայնք կա

Մայիսի 28-ին իսպանական Վալենսիա քաղաքից մեկնարկում է «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը՝ «հայկական աշխարհաշուրջը» Սփյուռքի ճանապարհներով: Շուրջ մեկ տարի տևող ճամփորդության ընթացքում «Արմենիա» առագաստանավը խարիսխ կգցի հինգ մայրցամաքներում, կանցնի երեք օվկիանոսների ջրերով՝ Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական, կլինի բոլոր այն վայրերում, որտեղ հայկական համայնք կա:

Մեկնելուց առաջ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է առագաստանավի անձնակազմի անդամներին:

Նշելով, որ այսօր շատերը կարող են տարակուսել, թե 21-րդ դարում, երբ աշխարհի քարտեզից վաղուց արդեն վերացել են փակ տարածքները, որքանո՞վ է կարևորվում նման դժվարին ճամփորդությունը՝ ՀՀ նախագահն ասել է. «Մեր ժողովրդի ճակատագիրը դասավորվել է այնպես, որ հայեր կան աշխարհի բոլոր անկյուններում, և մեզ համար չափազանց կարևոր են մեր ազգային ինքնության քարտեզը, մեր մշակութային ժառանգության քարտեզը ու հայ համայնքների պատմության քարտեզը»:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ այս նավագնացության խորհուրդն այդ աշխարհը նորովի բացահայտելն ու հարստացնելն է: «Դուք գնում եք նոր լիցք, Հայրենիքի շունչը հաղորդելու մեր համայնքներին, նորովի իմաստավորելու մեր ինքնության բանաձևը և բոլոր աշխարհամասերում սփռված մշակույթի կոթողները»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը առագաստանավի անձնակազմին փոխանցել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Վերադարձից հետո այն, ըստ ավանդույթի, կհանձնվի ի պահ:

Երկրի ղեկավարը առագաստանավի անձնակազմի անդամներին մաղթել է համընթաց քամի, բարեհաջող նավարկություն և բարի վերադարձ:

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ով «Արմենիայի» անձնակազմի անդամներից է, շնորհակալություն է հայտնել ՀՀ ղեկավարին և ասել, որ ժամանակ առ ժամանակ կզեկուցեն նավարկության ընթացքի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը