Լրահոս

29.05.2009 14:33


Իրենց նկատմամբ կիրառված, կիրառվող ճնշումների առնչությամբ վկաների հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ հարուցվել է քրեական 5 գործ

Իրենց նկատմամբ կիրառված, կիրառվող ճնշումների առնչությամբ վկաների հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ հարուցվել է  քրեական 5 գործ

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ զանգվածային  անկարգություններ կազմակերպելու համար ամբաստանվող Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սասուն Միքայելյանի, Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի քրեական գործերով դատական նիստերում իրենց նկատմամբ կիրառված, կիրառվող ճնշումների առնչությամբ վկաների կողմից հնչեցված հայտարարությունների վերաբերյալ հարուցվել է  քրեական 5 գործ:

4 քրեական գործի հիմք է հանդիսացել դատարանների միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին՝ նախաքննության ժամանակ վկաների նկատմամբ կիրառված քննությանը խորթ մեթոդների վերաբերյալ: Եվս երկու վկայի հայտարարություններն էլ ստուգվում են: Դրանց թվում են Գագիկ Ավդալյանն ու Հմայակ Գալստյանը: Հաղորդագրությունում ասվում է, որ Գագիկ Ավդալյանը մինչ այժմ խուսափել է ներկայանալ նախաքննական մարմնին և ցուցմունքներ տալ իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ, որոնց մասին պաշտոնապես հայտարարել է դատարաններում:

5-րդ քրեական գործը վերաբերում է դատաքննության ժամանակ վկաների նկատմամբ կիրառվող ճնշումներին, որի հիմք է հանդիսացել դատարաններին հասցեագրված վկաների դիմումներն իրենց նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ նշելով, որ իրենց և իրենց հարազատներին ահաբեկում են՝ պահանջելով հրաժարվել նախաքննական ցուցմունքներից: Այսօրինակ դիմումներ ստացվել են շուրջ 10 վկայից, որոնց նկատմամբ կիրառվել են պաշտպանական միջոցներ:

Հարուցված  քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է տարբեր քննչական մարմինների՝ հաշվի առնելով, թե վկայի հայտարարությամբ ում գործողությունների օրինականությունն է վիճարկվել: Ոստիկանների գործողությունների օրինականությունը վիճարկող հայտարարությունների քննությունը հանձնարարվել է հատուկ քննչական ծառայությանը, իսկ մարտի 1-2-ի գործով նախաքննության ընթացքում քննիչների կողմից կիրառված բռնությունների վերաբերյալ  հայտարարությունների ստուգումը՝ Ազգային անվտանգության ծառայությանը: Նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու վերաբերյալ իրենց վրա ճնշումներ գործադրելու մասին վկաների հայտարարություններն ուղարկվել են ոստիկանության  գլխավոր քննչական վարչություն:

Նշվում է, որ ոչ բոլոր վկաներն են նախաքննության ընթացքում պնդում դատարաններում հնչեցրած իրենց հայտարարությունները՝ ցուցմունքները  ճնշումների ազդեցության տակ տալու վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը