Քաղաքական

20.06.2012 11:57


ԲՀԿ–ն կատարեց իր խոստումը և Չինարիի հարցը բարձրացրեց խորհրդարանում

ԲՀԿ–ն կատարեց իր խոստումը և Չինարիի հարցը բարձրացրեց խորհրդարանում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղ էին այցելել ԲՀԿ–ական պատգամավորները և տեղում ծանոթացել բնակիչների խնդիրներին։ Այնուհետև Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ սահմանամերձ վայրերի բնակիչներն ամենամեծ ուշադրության կարիքն ունեն, և նրանց բարձրաձայնած խնդիրներին հարկավոր է անմիջապես արձագանքել, գյուղացիների առաջ քաշած մտահոգություններից շատերն էլ ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ կբարձրաձայնվեն խորհրդարանի ամբիոնից և օրենսդրական լուծում կստանան: Մասնավորապես քննարկման առանցքում կլինի սահմանամերձ շրջանների բնակիչներին հողի հարկի արտոնություններ տրամադրելու հարցը: 

Այսօր արդեն ԱԺ հինգերորդ գումարման առաջին իսկ նստաշրջանում ԲՀԿ խմբակցության անդամ, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը ՀՀ կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնող վարչապետ Տիգրան Սարգսյանի առջև հարց է բարձրացրել՝ կառավարության ծրագրում սահմանամերձ գյուղերի վերաբերյալ խոսք չկա՝ հարկային քաղաքականությունը գործիք  դիտարեկվելո՞ւ է, թե՞ ոչ, կամ, օրինակ, կոնկրետ Տավուշի մարզի Չինարի գյուղում հարկային արտոնություններ կտրվե՞ն։

Վարչապետը պատասխանել է, որ Չինարիի խնդիրը պետք է լուծել պետական նպատակային ծրագրերի իրականացմամբ, որպեսզի այդտեղի տնտեսվարողը տեսնի, որ պետությունը շահավետ է դարձնում իր բիզնեսը, և որ հող մշակելն իրեն ձեռնտու է։

–Դրա համար մենք ունենք ֆինանսական օժանդակության գործիքներ։ Մենք նախապատվությունը տալու ենք ֆինանսական օժանդակության գործիքներին և ոչ թե արտոնություններին,–հայտարարել է վարչապետը և ավելացրել,–մեր որդեգրած քաղաքական ուղղության համաձայն՝ նպատակահարմար չէ տարածքների զարգացումը խթանել հարկային արտոնություններով, որովհետև Չինարի գյուղում կարող են գրանցվել ձեռնարկություններ, բայց իրենց տնտեսական գործունեությունն իրականացնել Երևան քաղաքում։

ԲՀԿ–ական պատգամավորն ընդգծել է նաև, որ կառավարության ծրագրում  տարածաշրջանային ինտեգրացման մասին որևէ բան գրված չէ։

–Ժամանակին բավականին խոր հարաբերություններ էին Վրաստանի հետ, հիմա՝ այս տարիներին, Վրաստանի հետ հարաբերությունները չեն խորանում, և կա՛մ մենք ենք օտարացել Վրաստանից, կա՛մ Վրաստանն է օտարացել մեզնից,–Ստեփան Մարգարյանի այս դիտարկմանը Տիգրան Սարգսյանը չի համաձայնել՝ պնդելով, թե այս տարիների ընթացքում իրենք այդ հարաբերություններում արձանագրել են բավականին լուրջ առաջընթաց, իսկ որոշ անհամաչափությունների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը