Լրահոս

30.05.2009 11:49


ԿԸՀ–ն պատրաստ է մայիսի 31–ի ընտրություններին

ԿԸՀ–ն պատրաստ է մայիսի 31–ի ընտրություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Տաթև Օհանյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ 2009թ. մայիսի 31-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցից շեղում չի արձանագրվել, և ԿՀԸ-ն պատրաստ է Երևանի ավագանու անդամների ընտրությունների անցկացմանը։

-Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորված են, ընտրատեղամասերը համարակալված են, տեղամասային կենտրոնները՝ հաստատված։ Ընտրողները քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցվել են, քարոզչական պաստառներ փակցնելու համար համայնքի տարածքում առանձնացվել են հատուկ տեղեր։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորված են, քվեաթերթիկները՝ թողարկված, ընտրողների ցուցակի վերջնական օրինակը տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում, փակցվել է։ Մինչև մայիսի 30-ը պետք է կահավորվեն քվեարկության սենյակները։ Այսօր նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին հանձնվելու են քվեաթերթիկները, քվեարկության ծրարները և կնիքները,- ասել է Տ. Օհանյանը։  

Նշենք, որ Երևանի ավագանու ընտորությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 29 տեղական և 1 միջազգային  կազմակերպություն։  Միջազգայինը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն է (15 դիտորդ)։

Մայիսի 31-ին տեղամասային ընտրական հանձնաժողովն իր առաջին նիստը սկսելու է ժամը 07։00-ին։ Քվեարկությունը կատարվելու է 08։00-20։00։ Տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը պետք է հրապարակվի քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 10 ժամվա ընթացքում՝ հունիսի 1-ին՝ մինչև ժամը 06:00-ն։ Ընտրությունների նախնական արդյունքները պետք է ամփոփվեն և արձանագրվեն հունիսի 1-ին՝ մինչև ժամը 20:00-ն։ Վերահաշվարկի պահանջի մասին դիմումներն ընդունվելու են հունիսի 1-ին՝ մինչև ժամը 14:00-ն։ Ընտրությունների արդյունքներն ամփոփվելու են մինչև 2009թ. հունիսի 7-ը։

ԿԸՀ մամուլի խոսնակը «7օր»-ին տեղեկացրել է նաև, որ մայիսի 31-ին երեք ժամը մեկ ԿԸՀ-ում մամուլի ասուլիս է հրավիրվելու, իսկ ընտրատարածքներում տվյալների մուտքագրման ընթացքն անմիջապես երևալու է ԿԸՀ-ի էկրաններին։

Այս խորագրի վերջին նյութերը