Լրահոս

01.07.2012 23:42


Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Քիչ առաջ Կիևում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի և Իտալիայի հավաքականների միջև։ Իսպանացիները հաղթանակ տարան 4-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան ՍիլվանԱլբան, Տորեսը և Մատան։

Խաղի դինամիկ ընթացքը և դիտարժան գրոհները ապացուցեին, որ այս թիմերը արժանի էին դուրս գալու եզրափակիչ։ Իտալիայի հավաքականը շատ ակտիվ սկսեց խաղը և առաջին խաղակեսում մի շարք սուր գրոհներով աչքի ընկավ։ Իսպանացիները նույնպես հետ չէին մնում, և առաջին խաղակեսին զուտ պայքարի առումով մենք ականատես եղանք հավասար խաղի։ Սակայն նույնը չի կարելի ասել խաղի հաշվի՝ խփած գոլերի մասին. առաջին խաղակեսն ավարտվեց իսպանացիների հաղթանակով՝ 2։0 (գոլերի հեղինակներ՝ Դավիդ Սիլվա (14), Խորդի Ալբա (41):

Երկրորդ խաղակեսի սկզբում իտալացիներն շատ ավելի սուր գրոհներ սկսեցին ու մի քանի անգամ կարող էին գրավել մրցակցի դարպասը, սակայն իսպանացիների դարպասապահ Իկեր Կասիլյասը փայլուն խաղ ցուցադրեց ու մի քանի անգամ փրկեց իր թիմին։ Իսպանացիներն իրենց հերթին շարունակեցին նույն մարտավարությամբ և նույնպես աչքի ընկան մի շարք վտանգավոր գրոհներով։ Իտալիան ակնհայտորեն ցուցաբերում էր պայքարը շարունակելու և չհանձնվելու ցանկությունը, սակայն հանդիպման 60-րդ րոպեին վնասվածք ստացավ փոխարինման դուրս եկած Տյագո Մոտան, ով չկարողացավ շարունակել հանդիպումը: Եվ քանի որ Չեզարե Պրանդելին կատարել էր բոլոր փոփոխությունները, իտալացիները ստիպված եղան հանդիպման մնացած ժամանակահատվածն անցկացնել 10 ֆուտբոլիստներով: Այս հանգամանքը հոգեբանորեն կոտրեց իտալացիներին, իսկ իսպանացի ֆուտբոլիստները չթուլացրեցին ճշնումը և խաղավարտին ևս 2 գոլ խփեցին (Ֆերնանդո Տորես (84), Խուան Մատա (88))։ Արդյունքում՝ 4։0 հոգուտ իսպանացիների, և «Կարմիր ֆուրիա»–ն իր պատմության մեջ 3-րդ անգամ հռչակվում է Եվրոպայի չեմպիոն։   

Ավելացնենք, որ Իսպանիան դարձավ եվրոպական միակ թիմը, ում հաջողվեց իրար հետևից հաղթել Եվրոպայի առաջնությունում, ապա աշխարհի առաջնությունում, ապա կրկին Եվրապայի չեմպիոն դառնալ, այսինքն՝ 3 անգամ իրար հետևից հաղթել խոշորագույն ֆուտբոլային մրցաշարերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը