Լրահոս

18.01.2011 13:51


Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական կինոնկարն այսօրվանից ունի իր պաշտոնական կայքը

Հունվարի 18-ին Մոսկվայում հայ և ադրբեջանցի համայնքների մոտ 50 ներկայացուցչի մասնակցությամբ կայացել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական «Ընդհատված երգը»  ֆիլմի www.prervannaya-pesnya.ru պաշտոնական կայքի շնորհանդեսը:

Նախագծի և դրա ստեղծողների մասին տեղեկատվությամբ կայքն ունի 6 բաժին: «Ղարաբաղյան հակամարտություն» բաժնում զետեղված է մանրամասն տեղեկատվություն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, «ԶԼՄ-ները մեր մասին» բաժնում, դրական արձագանքներից զատ, նաև հղումներ' ադրբեջանական լրատվամիջոցների նյութերին, որոնք, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, «Ընդհատված երգի» վարկաբեկմանն ուղղված քարոզարշավ են ծավալել:

 

Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմը նպատակն է անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությունը:

Ֆիլմի հեղինակները չեն պաշտպանում հերոսներից որևէ մեկի դիրքորոշումը, այլ ընթացող բանավեճի միջոցով փորձում են գտնել երկուստեք ընդունելի ելքը ստեղծված իրավիճակից:

Կինոնկարի պրեմիերան կկայանա Մոսկվայում մայիսի վերջին, այնուհետև նպատակ կա ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և որոշ Բալկանյան պետությունների մեծ էկրաններ: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը' Աշոտ Պողսյանը:

Ֆիլմի ֆինանսավորումն իրականացվում է ստեղծագործական խմբի անձնական միջոցներով, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ որոշ մասայական տեսարանների  նկարահանման, ինչպես մաև տարբեր երկրներում պրեմիերաների ու ցուցադրումների հավուր պատշաճի կազմակերպման համար: Նկարահանող խումբը պատրաստ է քննարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխում:

Այս խորագրի վերջին նյութերը