Լրահոս

09.07.2012 21:41


Ֆաբիուս-Օլանդ հականարտությունն ու օրինագծի խաղը

Ֆաբիուս-Օլանդ հականարտությունն ու օրինագծի խաղը

Միջազգային լրատուադաշտը հատուկ լուսարձակներով նախ կեդրոնացավ Ֆրանսայի արտաքին գործոց նախարար Լորան Ֆապյուսի հայտարարության վրա` ժխտողականության վերաբերող օրինագիծի հարությունը դժվար տեսանելի նկատելու առումով, ապա նախագահ Հոլլանտի հայտարարության վրա, թե այս ուղղությամբ կմնա իր հանձնառություններուն տերը: Միջանկյալ` նույն թափերով կհաղորդվեր, որ Անգարան կջնջեր իր պատժամիջոցները Ֆրանսայի նկատմամբ:

Հայկական կողմը, լրատուական առումով կալեկոծվեր`  հիասթափության եւ վերայուսադրման ալիքներու տակ: Կարծեք Ֆրանսայի խորհրդարանի, ծերակույտի եւ Սահմանադրական դատարանի իրերայաջորդ որոշումներն ու  նախկին նախագահի ոստոստող կեցուածքները որեւէ ուղերձ փոխանցած չըլլային:

Քաղաքական պահու տրամաբանությունը գերակշիռ է հարցերու եւ շարժառիթներու տուն տվող պատճառները իմանալու եւ համապատասխան կեցուածքներով արձագանգելու համար:

Նույնինքն Անգարայի արտաքին գործոց նախարարը պետք է պատժամիջոցները չեղյալ համարելու որոշումի գործադրությունը  առկախեր, երբ կիմանար Ֆապյուսի հայտարարության հաջորդած Հոլլանտի հայտարարությունը:

Նախագահ Հոլլանտ միաժամանակ կվերստանձներ իր հանձնառությունը, մյուս կողմե հասկցնելով, որ նոր օրինագիծը շտապ կարգով ներկայացնելու անհրաժեշտության առջեւ չի գտնվիր: Սահմանադրականության ապահովումը անհրաժեշտ է, ինչ որ իր կարգին ժամանակ կենթադրե նոր օրինագիծի պատրաստության համար: Նոր օրինագիծը պետք է անցնի նոր ոդիսականե` ըստ ֆրանսական ընթացակարգին:  Նախապատրաստություն, խորհրդարան, ծերակույտ եւ ապա Սահմանադրական դատարան: Քաղաքական այս պտույտին եւ անոր կանգառներուն քանի մը անգամ հետեւած է ու մասնակցած հայկական կողմը, որ իրավամբ հարցի արդար լուծման համար կշարունակե պահանջել, հուսալ եւ պայքարիլ:

Չշտապելու նախագահական ուղերձը Անգարայի հետ ժամանակավոր հրադադարի միտող մոտեցում է: Անգարան արագ ընկալած է թե՛ Ֆապյուսի օրինագիծի վերարծարծման հավանականության անտեսանելիության եւ թե՛ Հոլլանտի չշտապելու անուղղակի ուղերձները եւ այս պայմաններուն մեջ ջնջած պատժամիջոցները: Փաստորեն հայտարարողական մակարդակի վրա է ամեն ինչ, առայժմ:

Այս տվյալները կվերահամոզեն, որ հարցի արծարծումը վերստին օրակարգի վերածելու որոշումը հիմնովին կապված է Փարիզ-Անգարա հարաբերություններու կամ Էլիզե-ֆրանսահայ համայնք ընտրական որեւէ հանգրվանի ստեղծված ակնկալության հետ:

Հայկական կողմը Ֆապյուսին դեմ բողոքելե եւ Հոլլանտի հայտարարության նկատմամբ գոհունակություն հայտնելե առաջ նախ պետք է հարց տա, թե այս հարցին ուղղությամբ նախագահ-արտաքին գործոց նախարարություն երեւցած հակասությունը ինչպե՞ս կբացատրե պաշտոնական Փարիզը: Եթե քաղաքականորեն բովանդակազրկենք խնդիրը, Ֆապյուսի ըրածը պարզապես հարցական ստեղծելն է իր նախագահի հանձնառություններուն վրա: Ավելիով կհամոզվինք, որ թե՛ Ֆապյուսի հայտարարությունը եւ թե՛ Հոլլանտի «հերքում»-ը կբխին Փարիզի պետական քաղաքականութենեն: Չմոռնանք, որ «Սուրիո բարեկամներ»-ու ժողովի առիթով էր Տավութողլու-ֆապյուս հանդիպումը եւ «բարեկամներ»-ը շրջանային հարցեր լուծելե առաջ պատժամիջոցային հարաբերությունները պետք է վերականգնեին, թեկուզ հայտարարողական մակարդակի վրա:

Մեկ կետ եւս. ժխտողականության վերաբերող օրենքը Ֆրանսայի ներքին կյանքին կվերաբերի: Այդ օրենքներու սահմանադրականության, տեսանելի կամ անհավանական ըլլալուն մասին ավելի պատշաճ է, որ զբաղին  ներքին գործոց կամ արդարադատության նախարարները:

Նախագահ Հոլլանտ երկու դիտողություն ուներ ընելիք իր նախարարին: Նախ, որ զբաղի իր ոլորտին վերաբերող հարցերով միայն եւ երկրորդ, հարցականի տակ չառնե իր հանձնառության տերը մնալու իր կեցուածքը: Բայց այս արդեն ֆրանսական ներպետական խնդիր է. իսկ ակնկալուող դիտողությունները  դժվար տեսանելի են:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը