Լրահոս

31.05.2009 18:41


Բռնության են ենթարկել և սպառնացել «168 ժամ» թերթի թղթակից Արմինե Ավետյանին

Բռնության են ենթարկել և սպառնացել «168 ժամ» թերթի թղթակից Արմինե Ավետյանին

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վ. Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում տեղակայված 8/05 ընտրական տեղամասում գտնվող «168 ժամ» թերթի թղթակից Արմինե Ավետյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ պարբերաբար լցոնումների փորձեր են կատարվել, սակայն ինքը և «Թրանսփերնսի Ինթերնեշնլ» ՀԿ-ի անդամ Սոնա Այվազյանը կանխել են մինչև ժամը մոտ 16։20-ը.

-16։15-16։20-ի սահմաններում տեղամաս մտան մոտ 20 սափրագլուխ և հաստավիզ տղաներ ու 6 հոգով սկսեցին ոլորել իմ և «Թրանսփերնսի Ինթերնեշնլ» ՀԿ-ի անդամ Սոնա Այվազյանի ձեռքերը։ Ու հետ հրելով՝ տարան դեպի պատուհանները։ 5-6 հոգով էլ շրջապատեցին քվեատուփը, մյուս 5-6 հոգին՝ սեղանները, իսկ կարմիր մարզազգեստով մի տղա և մեկ ուրիշը տրցակներով լցրեցին։ Այդ կարմիր մարզազգեստով տղան՝ Վարդան Հովհաննիսյանը, մինչ այդ ներկայացել էր, որ Սամվել Ալեքսանյանի քրոջ տղան է։ Ես մոտեցա հանձնաժողովի նախագահ Պետրոս Ավետիսյանին ու ասացի՝ ինչո՞ւ չեք միջամտում։ Ինքն ասեց՝ ես հո Տարզանը չե՞մ, ի՞նչ կարող եմ անել։ Ոստիկաններն էլ դրսում կանգնած՝ պատուհանից նայում էին։ Հարցրեցի՝ բա դուք ինչո՞ւ չեք միջամտում։ Նրանք էլ, թե՝ հանձնաժողովի նախագահը պետք է դիմի։ Չի դիմել՝ չենք միջամտում։ Այս սափրագլուխները նաև խլեցին իմ լուսանկարչական ապարատը և սպառնացին, որ ընդհանրապես էս դպրոցից չեմ կարողանա դուրս գալ ու տուն հասնել։

Ա. Ավետյանը նաև ասել է, որ ընտրատարածք ներխուժած տղաները 1-2 տրցակով մոտ 100 քվեաթերթիկ հասցրել են լցնել քվեատուփը։ Իսկ այդ ողջ ընթացքին, հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի հետ միասին, լռությամբ հետևել են նաև վստահված անձինք և հանձնաժողովի բոլոր անդամները։

Այս խորագրի վերջին նյութերը