Լրահոս

03.06.2009 17:07


Լևոն Զուրաբյանը Դաշնակցությանը համագործակցության կոչ է անում

Լևոն Զուրաբյանը Դաշնակցությանը համագործակցության կոչ է անում

Հունիսի 3-ին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Երևանի ավագանու ընտրությունները կեղծելու համար օգտագործվել են ոստիկանության, առողջապահության, սոցիալական ծառայությունների, ինչպես նաև կրթական համակարգի ուժերը, և այդ զեղծարարություններին մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի կուսակցությունները, այլև ողջ պետական համակարգը։

Հայտարարությունը լրագրողներին ներկայացրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ Նա բոլոր առողջ ուժերին,  որոնք ստեղծված են գաղափարախոսական հիմքի վրա, որոնք իրենց համարում են քաղաքական և մաս չեն կազմում «մաֆիոզ քաղաքականության», կոչ է արել միավորվել և պայքարել Հայաստանում ստեղծված քրեական ամբողջատիրական համակարգի դեմ։

«Մտնո՞ւմ են արդյոք Ձեր թվարկած ուժերի մեջ Դաշնակցությունը, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները» հարցին Լևոն Զուրաբյանը պատասխանել է.

-Բոլոր այն ուժերը, որոնք իրենց կհայտարարեն գաղափարախոսական, քաղաքական կուսակցություններ, մտնում են այդ սահմանման մեջ։ Կարծում եմ՝ Դաշնակցությունն այո. այդ հարցին կարելի միանշանակ պատասխանել։ Մնացած ուժերը պետք է որոշակի տրանսֆորմացիա անցնեն, որպեսզի դառնան գաղափարական ուժ։

Այս խորագրի վերջին նյութերը