Լրահոս

03.06.2009 18:02


Հայաստանում ամենակոռումպացվածը դատական համակարգն է

 «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման՝ հունիսի 3-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանում ամենից շատ կոռումպացված է դատական համակարգը: Դա է պնդել հարցվածների մեկ երրորդը։ Կոռումպացվածության աստիճանով երկրորդ տեղում են պաշտոնյաներն ու քաղծառայողները, երրորդ տեղում՝ խորհրդարանը։
Այս տարվա զեկույցում Հայաստանը հայտնվել է աշխարհի այն երկրների շարքում, որտեղ մանր կաշառակերությունը առավել մեծ տարածում ունի.

«Հայաստանում դա համաճարակի է նման։ Երբ մենք ուղիղ հարց էինք տալիս՝ արդյո՞ք դուք կամ ձեր հարազատներից որևէ մեկը անցած տարվա ընթացքում կաշառք է տվել, Հայաստանում հարցվածների 43 տոկոսն ասում էր՝ այո: Ողջ աշխարհում այս ցուցանիշը միջինում 13 տոկոս է, ինչը վկայում է, որ Հայաստանում կոռուպցիան համատարած բնույթ է կրում»,- ասել է կազակերպության Եվրոպայի բաժնի տնօրեն Միկլոշ Մարշալը։
Հարցումն անց է կացվել աշխարհի 69 երկրների ու տարածքների ավելի քան 73.000 մարդկանց շրջանում՝ 2008 թ. հոկտեմբերից 2009 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում։
Հայաստանից բացի մանր կաշառակերությամբ աչքի ընկնող երկրների խմբում ընգրկվել են Ադրբեջանը, Կամբոջիան, Կամերունը, Իրաքն ու Ուգանդան։ Ընդ որում՝ բոլոր այս երկրներում հարցվածները որպես առավել հաճախ կաշառք պահանջող հաստատություն նշել են ոստիկանությունը։
Իսկ Կանադայի, Հունաստանի, Lյուքսեմբուրգի հետ, մասնավորապես, Հայաստանը հայտնվել է այն երկրների խմբում, որտեղ հարցվածների 43-64 տոկոսը պնդել է, թե պատրաստ է վճարել ավելին՝ առանց կոռուպցիայի աշխատող ընկերություններից  ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերելու համար։
Զեկույցը նաև փորձել է պարզել, թե ինչպես են քաղաքացիները գնահատում կառավարությունների պայքարը կոռուպցիայի դեմ։ Ըստ այդմ՝ Հայաստանում իշխանության գործողությունները արդյունավետ է գնահատել հարցվածների 38 տոկոսը, մինչդեռ 2007 թվականին այս ցուցանիշն ավելի ցածր էր՝ 25 տոկոս։ Այդուհանդերձ, հարցվածերի շուրջ կեսը շարունակում է պնդել, որ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ առայժմ որևէ արդյունք չի տալիս։

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Այս խորագրի վերջին նյութերը